Շահեն Հարությունյանը՝ ազատամարտիկներին. «Ակնկալում եմ, որ քարը, փայտը ձեռքներիդ դուրս կգաք փողոց ու կպահեք ձեր տղամարդկային արժանապատվությունը» (տեսանյութ)

«Այս իշխանություններից ամեն ինչ սպասում եմ: Հիմա արդեն երկրում, այսպես ասած` ահաբեկչություն է սկսվել, հասել են ազատամարտիկներին»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Շահեն Հարությունյանը՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին: Նա նշեց, որ պայքարի մեջ մտելիս՝ բազմաթիվ անգամներ ծեծի է ենթարկվել: Շահեն Հարությունյանը հիշեցրեց 2013թ. դեկտեմբերի 31-ը, երբ հորը և նրա ընկերներին աջակցելու համար ակցիայի մասին թռուցիկներ բաժանելիս ոստիկանների կողմից բռնության ենթարկվել: Որոշ ժամանակ անց, նրա խոսքով, միջադեպ տեղի ունեցավ իր դպրոցում՝ կապված ռազմագիտության ուսուցչի հետ, սակայն այս դեպքում էլ, ինչպես նախորդի դեպքում, ժողովուրդը չարձագանքեց: Շահեն Հարությունյանն ասաց, որ 10 ամիս առաջ իրենց տան դուռը բացելիս կրկին բռնության է ենթարկվել, սակայն դրա մասին չի բարձրաձայնել:

«Մեր տան մոտ՝ մեր դուռը բացելիս, երկու լակոտ (այդպես եմ ասում, որովհետև իրենք իշխանության պատվերն էին կատարում, իսկ իշխանությունն ինձ համար բռնակալ է, դրա համար նրանց լակոտներ եմ ասում) հարվածեցին քթիս՝ արյունլվիկ անելով փախան: Դրա մասին ես չբարձրաձայնեցի: Անգամ մայրս է շաբաթներ անց իմացել, իսկ հայրս բանտում արդեն ամիսներ անց է իմացել: Չեմ ասել, որ չընկճվի: Ես լրիվ միանյակ եմ մնացել այդ ժամանակ ու չեմ բարձրաձայնել, քանի որ երկու անգամ արդեն ժողովուրդն անտարբեր է եղել, ու ամոթի, նաև անզորության զգացումը ինձ դրդել են, որ ես չբարձրաձայնեմ այդ ամենի մասին»,- պատմեց Շահեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ ժողովուրդը շարունակեց լռել այն դեպքում, երբ պայքարի դուրս գալու համար կայծեր են եղել:

Շահեն Հարությունյանը «սրբապիղծ» անվանեց ՀՀ իշխանություններին, որն արդեն, նրա խոսքով, ազատամարտիկների է ծեծում: «Լսել եմ ազատամարտիկներին ծեծելու մասին, ու, իրոք, ապշած եմ հասարակության անտարբերությունից: Ոչ թե ապշած եմ, որ ծեծել են: Բնական է՝ կծեծին: Ամեն ինչ սպասելի է իրենցից: Լսել եմ նաև նրանց հայտարարություններն այն մասին, որ պետք է որոշեն ու պատժեն: Ես լսել եմ, որ հանդիպելու են, խոսելու են: Ես հիմա իրենց կոչ ունեմ անելու՝ սպասել եմ վրեժխնդրության պահին, որովհետև ինքս ընտրել եմ մենակի կյանքը: Ես իմ կողքին չունեմ մարդիկ: Նույնիսկ հայրս իմ կողքին չէ, բանտում է, իր ընկերների հետ է եղել: Ես ընտրել եմ Նժդեհի վճռական մենակը: Ես միայնակ անզոր եմ լուրջ հակահարված տալ, ադեկտվատ պատասխան տալ իշխանություններին իրենց արարքների համար, բայց վստահ եմ ու ամեն ինչ կանեմ, որ պատասխան տանք ինչ-որ մարդկանց հետ, ովքեր դուրս կգան վրեժխնդրությունից դրդված»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ՝ «մինչև մեկը դուրս չգա ու վրեժխնդրությամբ նրանց պատժի»:

Կարդացեք նաև

Նա ասաց նաև, որ իր մոտ հարց է առաջանում, թե ինչու են ազատամարտիկները բարձրաձայնել ծեծի ենթարկվելու մասին. «Երեք տարբերակ կա: Առաջին տարբերակն այն է, որ նրանք բարձրաձայնեցին՝ ակնկալելով ժողովրդից իրենց պաշտպանությունն ու արդադարատություն էին ակնկալում: Բայց միևնույն ժամանակ ասում են, որ ոստիկանության նկատմամբ վստահություն չունեն: Դա, իմ կարծիքով՝ ծիծաղելի է: Երկրորդ տարբերակն այն է, որ նրանք այդ ամենն անում են միտումնավոր՝ ժողովրդին կոտրելու համար, որը հերոսին սազական չէ:

Երրորդ տարբերական այն է, որ նրանք այս ամենը բարձրաձայնում են նրա համար, որպեսզի հետագայում նրանց գործողությունները հասարակության համար ընդունելի և հասկանալի լինեն, որ չասեն, թե Շանթի նման «խուժանություն» արեցին, դուրս եկան փողոց, Երևանի կենտրոնում, աղջիկների ներկայությամբ ծեծեցին, ջարդեցին, պայթեցրին: Հույս ունեմ բարձրաձայնելը դրա համար է, որ հետագայում նրանց չմեղադրեն խուժանության կամ խուլիգանության մեջ»:

Շահեն Հարությունյանը հույս հայտնեց, որ կպայքարի ազատամարտիկների հետ. նա ասաց, որ ակնկալում է, որ ազատամարտիկները չեն դիմի համապատասխան կառույցներին և արդարադատություն չեն պահանջի, որովհետև դա ծիծաղելի է. «Ակնկալում եմ, որ քարը, փայտը ձեռքներիդ դուրս կգաք փողոց ու կպահեք ձեր տղամարդկային արժանապատվությունը: Այդ ժամանակ ես ձեր կողքին եմ լինելու»:

Մանրամանսերը՝ 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս