Փորձագետ. Մենք տոմս ենք գնել «Տիտանիկով» ճանապարհորդելու համար

Այն փաստը, որ Հայաստանը աշխարհի ամենառազմականացված երկրների ցանկում երրորդն է, խիստ վտանգավոր ու ցավալի իրողություն է, և «դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ձեռքով»,- այսօվա ասուլիսում  կարծիք հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նշենք, որ Հայաստանը դարձել է աշխարհի ամենառազմականացված երրորդ պետությունը ` ըստ Բոննի փոխարկման միջազգային կենտրոնի (BICC) ամենամյա` «Գլոբալ ռազմականացման ինդեքս-2014» զեկույցի:

Ցուցակի առաջատարը Իսրայելն է, երկրորդը` Սինգապուրը: Ադրբեջանը և Ռուսաստանը մտել են ռազմականացման բարձր մակարդակով երկրների տասնյակ:

Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ երկրի ռազմականացման աստիճանը որոշելն, իհարկե, հարաբերական ցուցիչ է, և տվյալ դեպքում զեկույցի հեղինակներն առաջնորդվել են այլ համեմատականներով, սակայն եթե գործ ունենայինք բացարձակ ցուցիչների հետ, ապա անվիճելիորեն ԱՄՆ-ը կլիներ առաջին տեղում, ոչ թե Իսրայելը:

Վերլուծաբանի կարծիքով` տվյալ իրողությունը վտանգավոր է այն իմաստով, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում և նաև Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծացել է, իսկ այդ ազդեցությունը չափազանց ապակառուցողական է, որովհետև Ռուսաստանի ամբողջ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության միջոցով տարածաշրջանը վերահսկելն է:

«Սա տեղի է ունենում ուկրաինական ճգնաժամի և Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության համատեքստում, իսկ Ռուսաստանի ռազմավարությունը Ուկրաինայում լիովին ձախողվել է,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը` ավելացնելով. Հասնելով ինչ-ինչ մարտավարական հաջողությունների` Ղրիմի, Դոնբասի մի մասի կլանումը, Ռուսաստանը կանգնեց ռազմավարական փլուզման առաջ»:

Փորձագետը շեշտեց` Հայաստանի համար սա կարևոր է, որովհետև Ռուսաստանը համարվում է մեր ռազմավարական դաշնակիցը, և այդ փլուզումը տեղի է ունենում մեր ռազմավարական դաշնակցի հետ, այսինքն` այդ փլուզման մեջ մենք անխուսափելիորեն կունենանք մեր մասնաբաժինը: Մինչդեռ Հայաստանի քաղաքական վերնախավը, ընդհակառակը, մտածում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու մասին:

«Մենք տոմս ենք գնել այդ «Տիտանիկով» ճանապարհորդելու համար այն դեպքում, երբ այդ «Տիտանիկն» արդեն իսկ բախվել է ուկրաինական սառցաբեկորին: Սա մեր քաղաքական դաշտի ինտելեկտուալ կոլապսի ամենավառ դրսևորումն է: Մենք գործ ունենք քաղաքական դաշտի քաղաքական անմեղսունակության հետ»,- ավելացրեց Ռուբեն Մեհրաբյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս