Ռուբեն Մեհրաբյան. Եթե բռնությունը դառնա քաղաքական պրակտիկա՝ Հայաստանը պետությունից կվերածվի ջունգլիի

Քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ բռնության խայտառակ փաստերը խիստ դատապարտելի են և չեն տեղավորվում քաղաքական որևէ սկզբունքի մեջ: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Վերջին երկու-երեք օրերի ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել խիստ դատապարտելի իրադարձություններ` կապված քաղաքական և հասարակական գործիչներին ծեծի ենթարկելու խայտառակ փաստերի հետ: Դա քրեորեն պատժելի արարք է, ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքական սկզբունքների մեջ, և ես ուզում եմ հույս հայտնել, որ մեղավորները` թե կատարողները և թե կազմակերպիչները, կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Դա չի կարող քաղաքականության պրակտիկա լինել Հայաստանում, հակառակ դեպքում մենք պետությունից կվերածվենք ջունգլիի` անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում կոնկրետ այդ անձանց»,- նշեց քաղաքական վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին անհայտ անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին, դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձանց խումբը հարձակվել և դաժանորեն ծեծել էր մեկ այլ ազատամարտիկի` Սուրեն Սարգսյանին: Իսկ արդեն երեկ` դեկտեմբերի 11-ին, իր տան շքամուտքում կրկին անհայտ անձի կողմից հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:

Տեսանյութեր

Լրահոս