
Մենք չափազանց մտահոգ ենք, որ Ադրբեջանը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում վերստին անդրադարձ է կատարել Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմայլովային կալանքի տակ առնելուն.
«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, այդ թվում նաև լրագրողների հանդեպ աճող սահմանափակումների կապակցությամբ: Մենք մեծապես մտահոգված ենք Խադիջա Իսմայլովայի նախնական կալանավորման կապակցությամբ:
Մենք չափազանց մտահոգ ենք, որ կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները: Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում հարգել իր քաղաքացիների համընդհանուր իրավունքներն ու նրանց հնարավորություն տալ՝ ազատորեն արտահայտելու իրենց հայացքները:
Ադրբեջանը, ստեղծելով ավելի ազատ հասարակություն, կարող է ավելի լավ ապահովել իր կայունությունը: Մենք Ադրբեջանի կառավարության հետ շփման ժամանակ բնականաբար բարձրացնում ենք մամուլի ազատության ու քաղաքացիական հասարակության սահմանափակումների հարցերը»: