
Հոնգկոնգի կենտրոնում մեկնարկել է ցուցարարների բարիկադների մաքրման գործողությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոնգկոնգի կենտրոնում այսօր մեկնարկել է բարիկադների մաքրման գործողությունը: Դատական կարգադրիչները ոստիկանության աջակցությամբ մտադիր են օրվա ընթացքում ամբողջովին մաքրել ցուցարարների գլխավոր ճամբարը:
Ճանապարհը մաքրվել է մետաղական արգելափակոցներից, վրաններից ու աղբից: Համապատասխան որոշումն ընդունել է Հոնգկոնգի Գերագույն դատարանը՝ բավարարելով ավտոբուսային ընկերության հայցը: Ուսանողական ցույցերի մասնակիցները թեև դեռ վերջնականապես չեն ցրվել, այնուամենայնիվ հայտարարել են, որ մտադիր չեն խոչընդոտել դատարանի որոշմանը:
Միևնույն ժամանակ արմատական տրամադրություններ ունեցողները մտադիր են պայքարել մինչև վերջ: Դիմադրելու դեպքում նրանց սպառնում է կալանավորում: Հոնգկոնգում բազմահազարանոց ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին՝ պահանջելով իրենց իրավունք ընձեռել՝ ինքնուրույն ընտրելու համար տեղական իշխանություն: