Բաժիններ՝

Ահազանգ Ջավախքից. օտարերկրյա անձնագրերի համար հայությունը չի կարող ապրել այնտեղ

Բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին

«Մեծարգո պարոն վարչապետ Իրազեկ լինելով, որ առաջիկայում նախատեսվում է Ձեր գլխավորած պատվիրակության այցը Վրաստան, կարևոր համարեցինք Ձեզ ուղղել սույն բաց նամակը:

Մեծարգո պարոն վարչապետ Ջավախքի հայությանը հուզող հարցերը բազմաթիվ են (ջավախքահայություն – ՀՀ մշակութային շփումների՝ Վրաստանի իշխանությունների կողմից հարուցված խոչընդոտներ, ՀՀ-ից Ջավախք գիրք-գրականության, անգամ եթե այդպիսիք գեղարվեստական բնույթի մի քանի գրքեր են, անցկացման խստիվ արգելք, Վրաստանի համապատասխան օղակների կողմից հայոց մշակութային կյանքին անհարկի և բացասական միջամտություններ, թուրք-ադրբեջանական բազմաոլորտ ներկայությամբ պայմանավորված հայատյաց միջավայրի առկայություն և այլն):

Այդուհանդերձ, կա մի լրջագույն հիմնահարց, որի չկարգավորումը նշանակում է ջավախքահայության մի ստվար հատվածի զանգվածային տեղահանություն իր հարազատ բնօրրանից:

Խոսքը մասնավորապես վերաբերում է ս/թ սեպտեմբերի մեկից կիրառվող Վրաստանի միգրացիոն նոր օրենսդրությամը և «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» նոր օրենքին, ըստ որի՝ օտարերկրացիները, այդ թվում նաև հիմնականում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու պատրվակով տարիների ընթացքում Վրաստանի քաղաքացիությունից հրաժարված և ՀՀ կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող ջավախահայերի մի մեծ հատված (անուղղակի հաշվումներով վերջիններիս թիվը հասնում է տասնյակ հազարների) վեցամսյա ժամկետում 90 օրից ավելի իրավունք չունի գտնվելու Վրաստանի տարածքում:

Մեծարգո պարոն վարչապետ Ցավալին այն է, որ Վրաստանի իշխանությունները Ձեր կառավարությանը և միջազգային հանրությանը հավատացնում են, թե այդ ամենի մեջ արտառոց ոչինչ չկա, և այդ կարգավիճակով բազմահազար մարդիկ կարող են հեշտությամբ ստանալ կացության իրավունքի վկայական և մնալ իրենց ընտանիքների մոտ: Իրականությունը բոլորովին այլ է. բազմահազար ջավախահայեր ամեն օր ստանում են կացության իրավունքի թույլտվության մասին դիմումների մերժումներ, որոնք, նորից կրկնելով այդ քայլը, արդեն ծախսել են միլիոնավոր լարիներ:

Ավելին, Վրաստանի Արդարադատության նախարարությունը մերժել է անգամ Երևան – Ջավախքի մի շարք շրջաններ ուղևորափոխադրումներ կատարող ՀՀ քաղաքացի վարորդներին, և օրեր առաջ վերջիններս ստիպված էին հետ վերադառնալ Երևան, շատերն էլ օրենքը խախտելու և մի քանի ժամ Վրաստանի տարածքում ավել մնալու համար տուգանվել են 180 լարի չափով:

Մեծարգո պարոն վարչապետ ՀՀ Պառլամենտի նախագահ Գ. Սահակյանի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում բարձրացվեցին այս և մի շարք այլ հարցեր։ Ցավոք, այցի ընթացքում խորհրդավոր և գաղտնի պայմաններում միայն վերացվեցին որոշ պատգամավորների՝ Վրաստան մուտքի արգելքները. ոչ մի այլ շոշափելի դրական շարժ տեղի չունեցավ:

Հատկապես այն հույժ կարևոր հարցը, որը վերաբերում է ջավախքահայության մի ստվար հատվածի՝ հայրենիքում մնալ-չմնալուն, այդպես էլ մնաց օդում կախված: Մեզ համար, իհարկե, ուրախալի է, որ մեր հայրենակից-պատգամավորներն այժմ կարող են մտնել իրենց պապենական շեներ,ցավալի է սակայն այն, որ երկուստեք առաջնահերթ համարվեց և նեղ անձնական (ոչ համակարգային) կերպով կարգավորվեց հենց այդ հարցը, իսկ իրական հիմնահարցը մնաց իր նույն տեսքով: Մեծարգո պարոն վարչապետ Օրեցօր աճում է այն ջավախքահայերի թվաքանակը, որոնք գործի բերումով գալով ՀՀ, հետ վերադարձին պարզել են, որ իրենց եռամսյա ժամկետն արդեն լրացել է և իրենք Ջավախք մուտքի իրավունք չունեն: Վերջիններիցս շատերն անգամ կեցության վայր ու միջոցներ չունեն, այնինչ պարտավոր են առնվազն երեք ամիս մնալ ՀՀ-ում:

ՀՀ-ում Վրաստանի դեսպանատունն այցելուներին տեղեկացնում է ինչ-որ կայքի հասցե, որտեղ լրացնելով կարող են վիզա ստանալ և մտնել Վրաստան: Սա ևս հարցի լուծում չէ, քանի որ այնտեղ պահանջվող դրույթները անհաղթահարելի են (5.000 լարի հաշվեհամարային տեղեկանք,Ջավախքում հաշվառման վայրի սեփականության վկայական, որը Ջավախքի գյուղական վայրերում պարզապես գոյություն չունի, և մեծ բարդություններ են ստեղծված այն ձեռք բերելու համար, տան անդամների համաձայնագրեր, որոնք լինում են արտերկրում և այլն):

Միաժամանակ՝ վիզան պարզապեսապահովում է այս քաղաքացիների մուտքը Վրաստան, այն էլ առավելագույնը երեք ամսով, սակայն դրան պետք է հետևի կրկին կացության վկայականի ստացումը, որտեղ էլ կրկին երևում են Վրաստանի անվտանգության մարմինների գայլի ականջները և քաղաքացիները կրկին բախվում են մերժման պատին:Լայն իմաստով այդ վիզան ավելորդ գլխացավանք է, եթե քաղաքացին չի ստանալու կացության իրավունք: Ավելին, եթե Վրաստանը վիզայի միջոցով թույլատրելու է այդ քաղաքացիների մուտքը երկիր և դրա հենքի վրա տալու է կացության իրավունք, ապա ինչու՞ է ամիսներ շարունակ, երբ վերջիններս դեռ դերասաներումՎրաստանում գտնվելու իրավունք ունեին, մերժել այդ մարդկանց տալու կացության իրավունքի վկայականներ: Ահա հարցերի մի շարան, որտեղ բացակայում է տարրական տրամաբանությունը:

Մեծարգո պարոն վարչապետ Գ. Սահակյանի այցի ընթացքում Վրաստանի քաղաքացիություն չունեցող ջավախահայերին կացության իրավունքի տրամադրման չկարգավորված հարցը գնալով խորացավ, հասավ այնտեղ, որ արդեն մարդիկ զանգվածորեն լքելու են իրենց հարազատ ընտանիքները: Եթե Ձեր առաջիկա այցի ընթացքում ևս չկարգավորվի այն և այդ մարդիկ չստանան կացության իրավունքի վկայականներ, ապա հետագան անկանխատեսելի կդառնա բոլորիս, այդ թվում ՀՀ պետության համար: Այս վիճակը ուղղակիորեն հարվածում է բոլորի ընտանիքներին, և արդեն մարդիկ գյուղերով մեկնում են Ջավախքի շրջկենտրոններ՝ ի նշան բողոքի:

Ավելորդ չենք համարում նշելու, որ Ջավախքի հայության առաջացրած վակուումը արագորեն լցվելու է թուրք-ադրբեջանցիներով, որի հետևանքները բոլորիս համար պարզ են»:

Ջավախքի մի խումբ մտավորականներ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս