Իսրայելական ավիահարվածների թիրախում են գտնվել գաղտնի Դամասկոս բերված ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրները. աղբյուր
Մեծ Բրիտանիայում հրատարակվող Al-Quds Al-Arabi թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում Իսրայելի հասցրած ավիահարվածների թիրախում գտնվել են գաղտնի ձևով Դամասկոս բերված ռուսական C-300 զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ): Իսրայելի ղեկավարությունը շարունակում է լռություն պահպանել, թե ինչ նպատակով է ավիահարվածներ հասցրել Սիրիայի տարածքին:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ ռուսական C-300 ԶՀՀ-ները Դամասկոսի օդանավակայան հասցվելուց հետո պետք է հանձնվեին լիբանանյան «Հզբոլլահ» կազմակերպությանը, և իսրայելական ավիահարվածները միտված են եղել դա կանխելուն: Սիրիայի ղեկավարությունն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը միտված է «Իսլամական պետության» դեմ պայքարում Սիրիան թուլացնելուն:
Դեկտեմբերի սկզբին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հանդիպումը, ինչից հետո տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է Սիրիային հանձնել C-300 ԶՀՀ-ներ:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ը երեկ մտահոգություն է հայտնել Սիրիայի տարածքին Իսրայելի կողմից ավիահարվածներ հասցնելու տեղեկատվության տարածման կապակցությամբ: