Կարգապահական վարույթ՝ Վարդան Պետրոսյանի գործով տուժողների փաստաբանի նկատմամբ
ՀՀ փաստաբանների պալատի որոշմամբ՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդներին ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Վարդան Պետրոսյանի կնոջ ներկայացուցիչները փաստաբանների պալատին դիմել էին՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել՝ ներկայացնելով 5 հիմք. պալատի որոշմամբ՝ վարույթ հարուցվել է դիմումի միայն մեկ հիմքով: Կարգապահական վարույթ հարուցվել է Ռուբեն Բալոյանի կողմից «Կարծես անհրաժեշտություն կա նրանց բացատրել Քրեական օրենսդրությունը» արտահայտությունն արտաբերելու և այն պաշտպանական կողմի փաստաբաններին ուղղելու վարքագիծը՝ փաստաբանի վարքագծի կանոնագրքի ենթակետերի համատեքստում ստուգելու նպատակով:
Որոշման մեջ նշված է, որ դիմողները ներկայացրել են Վարդան Պետրոսյանի գործի քննության ընթացքում և այդ գործի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով արված հայտարարությունները, որոնցով, ըստ նրանց, հիմնավորվում է Ռուբեն Բալոյանի կողմից փաստաբանի վարքագծի կանոնների խախտումներ: Որոշման համաձայն՝ ներկայացված 5 հիմքերից 4-ով կարգապահական վարույթ հարուցելը մերժվել է ՝ «կարգապահության վարույթ հարուցելու հիմքի բացակայության պատճառով»:
Պատալն իր որոշման մեջ նաև արձանագրել է, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում՝ պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ: