«Մեր իշխանություններին շանտաժի են ենթարկել, որ Հայաստանը Ասոցացման պայմանգիրը չստորագրի, ոչ թե ԵՏՄ-ի մեջ մտնի». Արմեն Մարտիրոսյան
Հայաստանը չունի նպատակաուղղված արտաքին քաղաքականություն: Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ-ինանդամակցելու պայմանագրի մասին, նշեց, թե ակնհայտ է, որ Հայաստանին մեծ խնդիրներ են սպասվելու, ինչն այսօր իսկ արդեն տեսանելի է:
Ըստ Ա.Մարտիրոսյանի՝ եթե ԵՏՄ-ն տնտեսական պայմանագիր է, ապա որևէ ձևով Հայաստանին շահավետ չէ.
«Այստեղ ներդրումներ չեն լինելու: Ցանկացած պարագայում Հայաստանում արդյունաբերության վերազինում, տնտեսության նորարարություն չի լինելու, որովհետև այն ապրանքները, որոնք Հայաստանը արտահանելու է ԵՏՄ-ի տարածք, ընդհանրապես բարձր տեխնոլոգիական պրոցեսներ իրենցից չեն ենթադրում»:
Ա. Մարտիրոսյանը կարծում է նաև, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով ռեսուրսազրկվելու է՝ և՛ ֆինանսապես, և՛ մարդկային առումով. «Ֆինանսականն արդեն տեսնում ենք. դոլարի արտահոսքի պարագայում միայն կարող էր դոլարն այսքան թանկանալ: Ցավոք սրտի, մարդկային ռեսուրսի առումով էլ կարող է ռեսուրսազրկում լինել, որովհետև գնաճային ճնշումները, այստեղ շատ մեծ լինելով, նաև աշխատանքի բացակայությունը, կբերեն նրան, որ մեր քաղաքացիները ստիպված կգնան Հայաստանից»:
ԵՏՄ-ն, Ա. Մարտիրոսյանի կարծիքով, անվտանգության առումով էլ ոչինչ չի տալու Հայաստանին. «Հայաստանը 2 անվտանգության համակարգի է միացած (Ռուսաստանի հետ 49 տարով ռազմական համագործակցության պայմանագիրը և ՀԱՊԿ-ն), և այս համակարգերը եթե չեն ապահովելու անվտանգություն, ապա այսպիսի պայմանագիրը, որն իր մեջ գոնե տեքստում չի ներառում այդպիսի խնդիր, ինչի՞ համար է պետք:
Առավել ևս, որ այս պայմանագիրն Արցախի հետ կապված խնդիրներ է ստեղծելու: Եթե պայմանագրում գրված է, որ Մաքսային վերահսկողություն պետք է լինի, վաղը չէ մյուս որը եթե անդամ երկրները պահանջեն, որ Ղարաբաղի հետ մաքսակետ դրվի, Հայաստանում որևէ մեկը կարծում եմ՝ չի կարող առարկել»:
Ա. Մարտիրոսյանը կարծում է՝ միայն մի պատճառով է տեղի ունեցել Հայաստանի՝ ԵՏՄ-ին ադամակցելը. «Իշխանություններն այնքան են վախեցել իրենց իշխանությունը կորցնելու համար, որ նմանատիպ քայլի են գնացել»:
Հարցին՝ շանտա՞ժի են ենթարկել ՀՀ իշխանություններին, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.
«Ես կարծում եմ՝ իշխանությունների նկատմամբ եթե շանտաժի լեզուն օգտագործվել է, ապա օգտագործվել է առավելագույնը, որ Հայաստանը Ասոցացման պայմանգիրը չստորագրի, ոչ թե ԵՏՄ-ի մեջ մտնի»: