Բաժիններ՝

Լեհաստանում կանցկացվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

Դեկտեմբերի 2-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:

Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, իսկ լեհական կողմի նախագահը` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը:

Նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության, մաքսային, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և հնարավորությունները: Նիստի ավարտին կստորագրվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի արձանագրությունը:

Նիստի շրջանակում նաև կկազմակերպվի հանդիպում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչների և լեհ գործարարների համար:

Այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գ.Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լեհաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Պիխոչինսկու, գյուղատնտեսության նախարար Մարեկ Սավիցկու, արտաքին գործերի փոխպետքարտուղար Արթուր Նովակ-Ֆարի հետ:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովը հիմնվել է 2010թ. մարտի 12-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի համաձայն:Հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2010թ. հուլիսի 13-ին` Երևանում, երկրորդ նիստը` 2011թ. հուլիսի 7-8-ը Վարշավայում, երրորդ նիստը` 2013թ. ապրիլի 21-22-ը Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս