Ինչու են թանկանում առաջին անհրաժեշտության ապրանքները
Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են, և գործընթացը շարունակվում է: Այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ դրա պատճառները երկուսն են՝ դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, և այն, որ շուկան պատրաստվում է նոր իրողություններին:
«Օրինակ՝ կաթը գյուղացիներից դրամով են մթերում, ինչո՞ւ է թանկանում»,- հարցրեց Է.Մարուքյանը:
«Այդ թանկացումները ոչ մի կապ չունեն մեր ինտեգրացիոն պրոցեսների հետ: Տեղական արտադրությունները, բացառությունների ցանկում գտնվող ապրանքները ոչ մի հիմք չունեն թանկանալու»,- վստահեցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Ըստ նրա՝ ապրանքների թանկացումը ներքին շուկայում այլ բան է, մաքսադրույքների բարձրացումը այլ բան է, ապրանքի գինը որոշվում է պահանջարկով, մաքսադրույքը՝ ոչ, իսկ մաքսադրույքի բարձրացումը չի նշանակում, որ ապրանքի գինը ևս թանկանալու է:
«Ուզում եմ հավատամ, որ այդպես չի լինի, բայց կյանքն այլ բան է ցույց տալիս»,- նշեց Է. Մարուքյանը՝ հիշեցնելով դրոշմապիտակների պատմությունը: