Բաժիններ՝

Ինչու Կենտրոնական բանկը թույլ տվեց, որ դրամը կտրուկ արժեզրկվի

Դրամագետ և ֆինանսական խորհրդատու Արմեն Փափազյանի կարծիքով՝ դրամի կտրուկ արժեզրկումն իրոք առնչվում է միջազգային շուկային, նաև՝ տարածաշրջանային տնտեսական ու  քաղաքական որոշ խնդիրների, բայց դա չի նշանակում, թե մեր դրամական քաղաքականության մեջ ամեն ինչ նորմալ է,  և մենք այնտեղ լուրջ խնդիրներ չունենք:

«Հայաստանի Կենտրոնական Բանկը սրանից առաջ հաճախ է  շրջանցել  արժեզրկման վտանգներ, բայց այս անգամ  թույլ տվեց, որ այն տեղի ունենա: Պատճառները տարբեր են, որոնցից մեկն   այն է, որ 2013-ի սեպտեմբերից մինչև  2014-ի սեպտեմբեր, այսինքն վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանի համախառն միջազգային պահուստները 31%-ով նվազել են (2430.6 միլիոն ԱՄՆ դոլարից մինչև 1663.1 միլիոն ԱՄՆ դոլար): Սա նշանակում է,  որ Հայաստանի ԿԲ-ն, այո, դեռ պահուստներ ունի, բայց և այնպես անհրաժեշտ է գտնում ավելի զգույշ ձևով օգտագործել այդ պահուստները: Կարծում եմ՝ ԿԲ-ն ավելի թույլատրողական քաղաքականություն է վարում, որովհետև Հայաստանի արտարժութային իրավիճակը տարբեր լուրջ խնդիրներ ունի, և Հայաստանը այդ պահուստների լուրջ կարիքն ունի»,- «168 ժամ»-ին Լոնդոնից տված հարցազրույցում ասել է Ա.Փափազյանը:

«Ուրեմն, եթե նույնիսկ դրամի վերջին  արժեզրկումը համաշխարհային միջազգային շուկաների  մեջ գտնում է ինչ-ինչ դրդապատճառներ,  բայցևայնպես, Հայաստանի դրամական իրավիճակն էլ ինքնին  շատ լուրջ խնդիրների առջև է: Հստակ է, որ այսօր դեպի Հայաստան նոր արտարժույթի մուտքի կարիք կա:   Հայաստանը պետք է առանց հետաձգելու աշխատի և շահի արտարժույթ, որպեսզի կարողանա կատարել իր արտարժութային բոլոր պարտավորությունները»,- ասում է նա:

Իսկ արդո՞ք  ստեղծված  իրավիճակը օգտակար ու նպաստավոր կարող է լինել երկրի ու ժողովրդի համար, ինչպես հավաստիացնում է ՀՀ ԿԲ-ը: «Նախևառաջ, երբ դրամն արժեզրկվում է, դրսից արտարժույթ մտցնող կամ բերող բոլոր պրոցեսները շատ ավելի բարենպաստ իրավիճակում  են  հայտնվում՝ լինի դա զբոսաշրջիկային ճանապարհով երկիր մտնող   արտարժույթը , թե ընտանիքներին դրսից   արվող փոխանցումները, որոնք  ավելի դրամական արժեք են ունենում, ինչպես նաև՝  արտածումները,  որ դրամի արժեզրկման  դեպքում ավելի էժան են լինում դրսի աշխարհի համար: Սա մի  իրականություն է, որ կարող է աշխատել միայն այն դեպքում,  եթե ներքին տեղական գնաճ գոյություն չունենա, այսինքն, այս արժեզրկումը չտանի կամ չստեղծի վիճակներ, որ տեղական շուկայում գները  բարձրանան և ապրուստի ծախսը  շատանա,  արտադրողական ծախսերն ավելանան: Ուստի, այս օգուտները  շատ կարճ ժամանակի համար կարող են գոյություն ունենալ,  շատ շուտով կանհետանան, որովհետև գները արժեզրկման դիմաց կբարձրանան,  հատկապես՝ բոլոր ներմուծված ապրանքների վրա, և շատ անգամ սա նաև ազդում է տեղական ապրուստի, կյանքի որակի վրա», – ասում է Ա. Փափազյանը:

Դրամագետ, ֆինանսական  խորհրդատու և  նորարար  Արմեն Փափազյանը ֆինանսա-տնտեսական գիտությունների դոկտորի աստիճան է  ստացել  Քեմբրիջի համալսարանում: Աշխատելով մի շարք հայտնի ընկերություններում (NASDAQ  Dubai-ի  նորարարությունների ու զարգացման գծով գլխավոր կառավարիչ, UBS AG և այլն)՝ Միացյալ Թագավորությունում հաստատված մեր հայրենակիցն այսօր  աշխատում է ֆինանսական և տնտեսական ոլորտի ամենաթեժ թեմաների շուրջ. նա դրամային տնտեսության, կապիտալի շուկաների և Իսլամական ֆինանսների փորձագետ է:

 

Արմեն Փափազանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 ժամ»-ի՝ հինգշաբթի օրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս