«Էլիտ Շանթի» և այլ ընկերությունների ստուգման արդյունքում արձանագրվել է 590.6 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն
Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի երրորդ տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 590մլն 667.6 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԱՐՍՈՒԳՐԻԳ » ՍՊԸ` 275.9մլն դրամ, «ՄՎ ՔԵՄԻՔԼ ԳՐՈՒՊ» ՀՁ` 129.3մլն դրամ, «ԷԼԻՏ ՇԱՆԹ » ՍՊԸ` 85.4մլն դրամ, «ՆՆԱ» ՍՊԸ` 27.5մլն դրամ, «ՎԱՅՆ ՔՈՄԵՐՍ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ՝ 10.1մլն դրամ, և այլն:
Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 13 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 18-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 16-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 12 ստուգումներ:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի երրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 10 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգում, իսկ 77 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ 698մլն 594.3 հազար դրամի հարկային պարտավորություն: