«Եթե էսօր գյուղը միացնեն քաղաքին, գյուղը քաղաք կդառնա՞». Վարդանիձոր համայնքի ղեկավար

Տարածքային կառավարման նախարարությունն այս տարի պետք է սկսեր համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը՝ համաձայն 2011 թ. մշակված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի։ Ծրագրում ներառված են Ծաղկաձոր, Զերմուկ, Դիլիջան և Տաթև համայնքները, որոնցից և հարևան 14 գյուղերից պետք է ձևավորվեն 4 խոշոր համայնքներ։

ՀՀ-ում նախկինում 2 անգամ եղել է համայնքների խոշորացման փորձ: Երկուսն էլ անհաջող: Երկու դեպքում էլ «փորձադաշտը» Վարդանիձոր համայնքի հարակից գյուղերն էին: 2011թ-ին միավորվել են 5 գյուղեր, որոնցից երկուսի՝ Վանքի և Կալերի բնակիչները հեռացել են և դրանք այլևս չեն հաշվառվում, դարձել են ամառանոց, իսկ մյուս 3-ը՝ Թխկուտը, Այգեձորը և Վարդանիձորը, միասին կոչվում են Վարդանիձոր համայնք: Նույն կերպ դեռ խորհրդային տարիների՝ 60-ականներին են գյուղերը խոշորացրել ու դրանք վերացել են, բնակչությունը լքել է փոքր գյուղերն ու տեղափոխվել կամ մեծ գյուղեր, կամ քաղաքներ:

Խոշորացման նոր ծրագրով նախատեսվում է Մեղրիի համայնք ստեղծել՝ միացնելով Ագարակ և Մեղրի քաղաքաներոն ու 11 գյուղական համայնք:

«Խոշորացումը պիտի Սահմանադրությամբ, հանրաքվեով լինի, բայց էսօր մի հարևանը հարևանի հետ լեզու չի ճարում, դա ի՞նչ պիտի լինի: Դա մի քիչ բարդ պրոցես է: Եթե էսօր գյուղը միացնեն քաղաքին, գյուղը քաղաք կդառնա՞: Գյուղի մենթալիտետ կա, քաղաքի մենթալիտետ կա, բնակիչը ապրում ա տարբեր մտածելու ձևով»,- 168.am-ի հետ զրույցում ասում է Վարդանիձոր համայնքի ղեկավար, ազատամարտիկ, ՀՀԿ-ական Ալբերտ Բեկլարյանը:

Ըստ նրա՝ բազմաթիվ խնդիրների շարքում ամեն համայնք նախ ինքն իր խնդիրներն է լուծում. «Էսօր դժվարը ֆինանսն ա: Ֆինանսը տիրապետում են համայնքի ղեկավարն ու ավագանին: Եթե էդ ֆինանսը համայնքից տարան, համայնքը չի կարող գոյատևի: Եթե խոշորացնում են, գոնե ամեն համայնք պիտի ունենա իր քվոտան: Մեր դեպքում համանքների խոշորացումից հետո գործս է շատացել, տարածքը մեծացել է, եկամտի ձեռքբերման աղբյուրները շատացել են: Բայց արդյունավետություն ոչ բոլոր դեպքերում կա»:

Նա նշեց, որ նախկինում կար համայնքների միության փորձ, որն այսօր չի գործում. «Օրենքով էլ է թույլատրվում համայնքների միություն: Կամավոր: Դա կարող էր այդ ծառայությունները իրականացնել: Ընտրում էին մի նախագահ, մի գործադիր տնօրեն և վերջ: Բայց դա հիմա չի գործում: Օրենքով որ անեն, կարող ա աշխատի, բաց կամավոր ոչ մեկը չի ուզենա: Բայց դե ստիպելով չի, էլի»:

Տեսանյութեր

Լրահոս