Բաժիններ՝

Ինչու է լռում «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ժամանակավոր ենթահանձնաժողովը

Այս տարի նոյեմբերի սկզբին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ժամանակավոր ենթահանձնաժողով ստեղծել՝ 50/50 սկզբունքով, կեսը՝ իշխանական թևից, կեսը՝ ոչ իշխանական: Որոշվեց նաև, որ ենթահանձնաժողովը կգլխավորի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Անցել է ավելի քան 3 շաբաթ, սակայն ենթահանձնաժողովի ձայնը չի լսվում:

168.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ առայժմ ենթահանձնաժողովի կազմը ձևավորված չէ. «Հանձնաժողովը որոշումն ընդունել է, բայց կազմը համալրված չէ: Այդ խնդիրը այս պահին լուծված չի»:

Մեր դիտարկմանը, որ հանձնաժողովի կայքում հրապարակված է նաև կազմը, նա պատասխանեց, որ բանավոր է խոսվել այդ մասին, բայց կազմը վերջնական չի:

Թե ինչո՞ւ է մինչև հիմա ենթահանձնաժողովը լռում, Մ.Մելքումյանը պատճառաբանեց, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստին ԵՏՄ-ի հարցն էր քննարկվում և գործանականում ժամանակ չի եղել զբաղվել «Նաիրիտով», բայց առաջիկայում պետք է ակտիվորեն զբաղվեն:

«Շատ արագ կսկսենք ակտիվ գործել: «Նաիրիտի» հետ կապված բավականին նյութեր ունենք, այնպես չէ, որ 0-ից ենք սկսում»,- հավաստեց պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս