Բաժիններ՝

Կենտրոնական բանկը չպետք է թույլ տար դրամի կտրուկ արժեզրկում, որն իսկապես պայթյունավտանգ է. տնտեսագետ

«Պարզ է, որ ռուբլու անկումը ազդեցություն կունենար Հայաստանի վրա, բայց տեղի ունեցավ անընդունելի մի բան. Կենտրոնական բանկը չպետք է թույլ տար դրամի կտրուկ արժեզրկում, որն իսկապես պայթյունավտանգ է և բերում է ֆինանսական ցնցումների ու սպեկուլյատիվ խաղերի լայն հնարավորության: Կարծում եմ՝ սա օբյեկտիվ գործընթացի սուբյեկտիվ վերաբերմունք է, որն անընդունելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը:

Ըստ նրա՝ միայն վերջին 3 շաբաթվա ընթացքում Կնտրոնական բանկը վաճառել է մոտ 60 մլն դոլար: «Կենտրոնական բանկն, իհարկե, անկախ է իր գործունեության մեջ, բայց դրանք պետական փողեր են: Կուրսը լողացող է, բայց չէ՞ որ հիմնական խաղացողը Կենտրոնական բանկն է: Իհարկե, դրամավարկային քաղաքականությունը պետք է այնպես վարվի, որ եթե քո շրջապատի դրամը արժեզրկվում է, ուրեմն պետք է փափուկ ձևով արժեզրկես նաև քո դրամը:

Իսկ ճշգրտումը մեկ օրում չեն անում, դա գործընթաց է: Ճշգրտումը պետք է միշտ արվի, որովհետև հետո պահուստներից ավելի շատ գումար ես ծախսում, քան եթե դա անում ես ընթացքում: Այդ պարագայում որևէ սպեկուլյատիվ խաղեր տեղի չեն ունենա: Իսկ որ բանկերը հնարավորություն ունեն մեկ-երկու օրում դա անելու, անթույլատրելի է ու վտանգավոր տնտեսության համար»:

Լրագրողների հարցին՝ ճի՞շտ է Կենտրանական բանկի այն հայտարարությունը, թե դա հօգուտ մեր տնտեսության է, նա պատասխանեց. «Վիրահատությունը հօգուտ էր, բայց կարելի էր բուժվել առանց վիրահատության»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս