Վադիմ Դուբնով. «Ադրբեջանական կողմն օգտվել է հայկական կողմի փոխանցումից»

«Ադրբեջանն օգտագործել է օրինական ձևով պատասխանելու հնարավորությունը, իսկ պատասխանը բավական օրինական էր և միանգամայն տեղավորվում էր ռազմական իմաստով ադեկվատ պատասխանի շրջանակներում»,- այսպիսի ուշագրավ կարծիք ունի ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ ադրբեջանական ուժերի կողմից նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խոցված ուղղաթիռի հայտնի պատմության մասին:

Նա առաջին հերթին` ցանկանում է ստանալ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ հայկական կողմը դիմեց նման քայլի, այսինքն` ինչո՞ւ էին ԼՂՀ օդուժի երկու ուղղաթիռներն այդքան մոտեցել Ադրբեջանի սահմանին:
«Ինձ թվում է` այս հարցը տվյալ դեպքում ավելի կարևոր է, որովհետև, եթե ամռանը հակամարտությունը սրելու նախաձեռնությունը Ադրբեջանինն էր, ապա տվյալ պարագայում նախաձեռնությունը հայկական կողմինն էր, որովհետև այդքան հանդուգն թռիչքներըգ Էլ չեմ ասում բուն զորավարժության մասին, որն ամենախոշորն էր զինադադարի հաստատումից ի վեր և ակնհայտորեն սինքրոնիզացվել էր Հայաստան-Ռուսաստան մերձեցման հետ:

Իմ կարծիքով` հենց այստեղ է թաքնված առաջին հարցի պատասխանը: Իսկ հարցը, թե ինչու Ադրբեջանը գնաց այդպիսի քայլի, առանձնակի ինտրիգային չեմ համարում: Կարծում եմ` Ադրբեջանն օգտագործել է օրինական ձևով պատասխանելու հնարավորությունը, իսկ պատասխանը բավական օրինական էր և միանգամայն տեղավորվում էր ռազմական իմաստով ադեկվատ պատասխանի շրջանակներում: Երբ պոտենցիալ հակառակորդի ուղղաթիռը հարձակվում է քո դիրքերի վրա, դու կարող ես այն խփել և կարող ես նաև չխփել: Ադրբեջանը նախընտրեց խփելը, և դրանում արտասովոր ոչ մի բան չկա»,- «168 Ժամի» հետ հարցազրույցում ասաց Վադիմ Դուբնովը:

– Այսինքն` Դուք նորմա՞լ եք համարում անզեն ուղղաթիռը խփելը, որը չի էլ հարձակվում:

– Ես ընդհանրապես նորմալ չեմ համարում ռազմական դրությունն այդ տարածաշրջանում, բայց մյուս կողմից` ես նորմալ չեմ համարում այդ ծավալի զորավարժությունները, որոնք անցկացվում են այդ գոտում, և առավել ևս նորմալ չեմ համարում ուղղաթիռի թռիչքը Ադրբեջանի սահմանից այդքան վտանգավոր հեռավորության վրա: Իսկ այն զինված է եղել, թե ոչ, հենակետերում նստած մարդիկ պարտավոր չեն իմանալ:

– Բայց չէ՞ որ Դուք էլ շատ լավ գիտեք, որ Բաքուն ստում է` հայտարարելով, որ հայկական ուղղաթիռը հարձակվել է իր դիրքերի վրա, մտել է Ադրբեջանի տարածք:

– Գիտեք, այժմ ոչ ոք չի կարող պարզել, թե կոնկրետ որտեղ է ընկել ուղղաթիռը:

– Դա արդեն պարզվել է, որովհետև, եթե հրթիռը մինչև ուղղաթիռին հասնելը թռչում է ավելի քան 3 վայրկյան, դա նշանակում է, որ այն առնվազն 1 կմ հեռու է եղել ադրբեջանական սահմանից:

– Մենք կարող ենք երկար վիճել այդ հարցի շուրջ, բայց հստակ որոշել, թե որտեղ է եղել ուղղաթիռը հարձակման պահին, հնարավոր չէ, առավել ևս, երբ գիտենք, թե որ կետում է ընկել այն: Եթե ուղղաթիռն ընկնում է չեզոք գոտում, նշանակում է` այն մոտ է եղել չեզոք գոտուն:

– Բայց ոչ Ադրբեջանի տարածքում, ինչպես պնդում են ադրբեջանցիները:

– Դա հնարավոր չէ պարզել: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմն օգտվել է այն փոխանցումից, որը կատարել է հայկական կողմը:

– Իսկ ընդհանրապես ի՞նչ փոխեց այս միջադեպը հակամարտության տրամաբանության մեջ:

– Չեմ կարծում, թե որևէ բան է փոխվել` բացառությամբ մի բանի. այս միջադեպը տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության խորացման համատեքստում: Ես չեմ ասում, թե դա այդ խորացման հետևանքն էր, բայց միայն զորավարժությունների փաստը և դրանց մասշտաբը, իմ կարծիքով, ուղիղ տրամաբանական կապ ունեն Ռուսաստանի հետ համագործակցության, այդ թվում` ռազմական համագործակցության հետ:

Դա արվեց բավական արտահայտիչ ձևով և անթաքույց: Այնպես որ, այս հարցում ինձ համար ավելի կարևոր է զորավարժությունների անցկացման փաստը, իսկ ուղղաթիռի թռիչքը եղել է դրա հետևանքը: Ուղղաթիռը կարող էր այլ ուղեգծով թռչել, այդ դեպքը կարող էր լինել, կարող էր նաև չլինել, բայց քանի որ եղավ, Ադրբեջանը, անշուշտ, օգտվեց այդ հնարավորությունից, որովհետև քաղաքական տեսանկյունից նա ինչ-որ պատասխան պետք է տար: Իրականում նրա բախտը բերել է. Հայաստանը հնարավորություն տվեց Ադրբեջանին պատասխանել Հայաստանի և Ռուսաստանի ռազմական միասնության շքերթին:

– Ռուսաստանյան վերլուծական շրջանակներից հնչեց մի տեսակետ, որ ուղղաթիռը խոցելու նպատակը Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելն է: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:

– Ոչ, կարծում եմ` դա հիմարություն է, որովհետև Ադրբեջանում որևէ մեկն այսօր չի պատրաստվում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Բոլորն էլ ընդունում են խաղի կանոնները, իսկ այդ խաղն ընթանում է բավական նեղ շերտի վրա: Դա հակամարտությունը սրելու և շատ արագ լարվածության թուլացնելու շերտն է: Ինչպես նկատեցիք, նույնիսկ հատուկ գործողությունը, որն իրականացրեցին հայկական ուժերը (այս առնչությամբ, ի դեպ, ես նույնպես ունեմ հարցեր, որոնք չունեն պատասխաններ), լարվածության սաստկացման խթան չդարձավ: Համենայն դեպս, առայժմ այդպես է: Այնպես որ, այս իրավիճակը ձեռնտու է երկու, ես կասեի` երեք կողմերին էլ:

– Կա ևս մի աշխարհաքաղաքական վարկած, որի համաձայն` էսկալացիան ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև նա կցանկանար խանգարել Ադրբեջանից դեպի Եվրոպա իրականացվող էներգետիկ ծրագրերին, և երկրորդը` Ռուսաստանը հսկայական քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին և կցանկանար մեծացնել դրա ծավալը:

– Ես ընդհանրապես չեմ հավատում աշխարհաքաղաքական վարկածներին: Օրինակ, բիզնեսին հավատում եմ: Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բոլորը գիտեն դրա մասին: Այդ գործարքները շարունակվում են ավելի քան 10 տարի, բայց չեմ կարծում, որ դրա նպատակը քաղաքական և ռազմական լարվածության ուժգնացումն է: Ռուսաստանն առաջվա պես կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին, իսկ Հայաստանին առաջվա պես կշարունակի փոխանցել հին զինատեսակները: Այստեղ ոչինչ չի փոխվել:

Ինչ վերաբերում է էներգետիկ խնդիրներին, երևի այնքան էլ ճիշտ չի գերագնահատել Ռուսաստանի մտահոգությունները: Ռուսաստանը հիմա այլ խաղ է խաղում. Ռուսաստանն այժմ պայմանագիր է կնքում Աբխազիայի հետ, ցանկանում է կառուցել ավտոճանապարհներ՝ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան, վերականգնել աբխազական երկաթուղին, որը կրկին Վրաստանի տարածքով գնում է դեպի Հայաստան: Սրանք են Ռուսաստանի շահերը: Եվ այս իմաստով` Ադրբեջանը, բնականաբար, կունենա որոշ նյարդային ջղաձգումներ, և այդ կապակցությամբ մեծ ինտրիգ կլինի: Բայց Ղարաբաղը սրա հետ կապ չունի:

Տեսանյութեր

Լրահոս