Կառավարությունը հաստատեց 2015թ. պետբյուջեի վերջնական տարբերակը
Այսօր նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց 2015 թ-ի պետական բյուջեի նախագծի փոփոխված, վերջնական տարբերակը: Այն Ազգային ժողով կներկայացվի առաջիկա քառօրյայում՝ դեկտեմբերի 1-4-ը:
Ինչպես զեկուցեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ԱԺ հանձնաժողովներից, խմբակցություններից և պատգամավորներից ընդհանուր առմամբ ստացվել է 367 առաջարկություն, որից ընդունվել է միայն 45-ը: Առաջարկների մեծ մասի մերժումը Պ.Սաֆարյանը բացատրեց դրանց իրականացման համար պահանջվող գումարների մեծությամբ:
Ըստ նրա՝ հաջորդ տարվա բյուջեում ընդգրկվել են մոտ 13.5 մլրդ դրամի ծախսային ծրագրեր, այդ թվում՝ սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության ծրագրերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, կուտակային համակարգի ներդրումը, Հյուսիս-Հարավ ճանապարհի համաֆինանսավորումը, Քննչական կոմիտեի համար և այլն: