Ս. Գիմիշյանը՝ Ն. Փաշինյանի նախաձեռնության մասին. Պետք է հասկանալ՝ ինչ նպատակներ, ցանկություններ, դրդապատճառներ կան դրա տակ

«Չեմ պատկերացնում, որ կան լուրջ սահմանադրական հիմքեր դրա համար, նախագահի իմպիչմենտի խնդիրը կանոնակարգվում է Սահմանադրությամբ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնության մասին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Ըստ Ս. Գիմիշյանի՝ շատ ավելի հեշտ է մեր իշխանավորներին Քրեական օրենսգրքի հետ կապված հիմնավորումներ գտնել, սակայն՝ սահմանադրական պրոցես իմպիչմենտի վերաբերյալ, ինքը չի պատկերացնում.

«Այդ իմաստով, քանի որ չեմ հավատում, որ նախաձեռնությունը լուրջ հիմքեր կունենա, բացասական եմ վերաբերվում: Եթե լուրջ հիմնավորումներ լինեն, իսկ ես հիմա չեմ տեսնում դրանք, նորմալ կվերաբերվեմ, որովհետև օրենքը պետք է գործի մեր երկրում»:

Ըստ Ս. Գիմիշյանի՝ այդ քայլն ավելի շատ ուշադրություն գրավելու քաղաքական տեխնոլոգիա կարելի է համարել. «Հնարավոր է՝ դրա տակ նաև մի մոտեցում լինի՝ քաղաքական դաշտը մասերի բաժանել, այդ խաղերը ես նույնպես չեմ ընդունում: Դա մեր երկրի ներսի խաղ չէ, այլ դրսից կարող է դրդված լինել՝ բոլորին իրար հետ թշնամացնել, լարել իրավիճակը և պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել: Գուցե նման նպատակներ էլ ունեն, բայց եթե դա զուտ ներքին մղում է, քաղաքական դիրքորոշում է, և եթե դրա տակ լուրջ հիմքեր լինեն, նորմալ կվերաբերվեմ»:

Կարդացեք նաև

Խոսելով եռյակի՝ նախաձեռնությանը չմիանալու մասին՝ Ս. Գիմիշյանը նշեց, որ եռյակը ոչ իշխանական է, ընդդիմություն չէ և չի էլ կարող ընդդիմություն լինել. «Նա իշխանության թևերից մեկն է, դրա համար էլ բնական է, որ իշխանության տարբեր թևեր իրար դեմ չեն պայքարում, դա նորմալ, բնական եմ համարում: Այդ նախաձեռնությանը կարող է կողմ լինել ընդդիմադիր քաղաքական ուժը»:

Ս. Գիմիշյանը նշեց, որ թեև իրենք ընդդիմադիր քաղաքական ուժ են, բայց եթե հիմնավորումները լուրջ  չեղան, իրենք չենք կարող դրական վերաբերվել. «Ես լուրջ կասկածներ ունեմ: Կլինեն հիմնավորումներ՝ կտեսնենք, մեր դիրքորոշումը կասենք: Ընդհանարպես, ես կարծում եմ՝ դա լուրջ խնդիր չէ: Ես չեմ պատկերացնում, որ մեր երկրում Սահմանադրական դատարանով հնարավոր լինի նախագահին իմպիչմենտի ենթարկել: 99%-ով վստահ եմ, որ այդպիսի բան չի կարող լինել մեր երկրում, այն էլ՝ այսօր: Դրա համար, զուտ քաղաքական տեխնոլոգիայի քայլ եմ դիտարկում և պետք է հասկանալ՝ ինչ նպատակներ, ցանկություններ, դրդապատճառներ կան դրա տակ»:

 

Տեսանյութեր

Լրահոս