Շանթ Նշան Խնկիկյանը փորձել է խաբե՞լ ՀՀ կառավարությանը

ՀՀ կառավարությունը չի պատրաստվում «ԽՆԿԻԿՅԱՆ ԸԴՎԱՆՍԴ ԷԼԵՔԹՐՈՆԻՔՍ» ՍՊ ընկերությանը թույլ տալ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքում լուսատեխնիկական սարքերի արտադրություն հիմնել: Վաղը գործադիրի նիստում կմերժվի ընկերության շահագործողի թույլտվության տրամադրման հայտը: Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովը գտել է, որ «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ՍՊԸ կողմից ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակներին:

Պետական ռեգիստրի կայքի համաձայն՝ «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա սեպտեմբերին: Հիմնադիրն է Շանթ Նշան Խնկիկյան Իբրահիմը: Սակայն, ըստ կառավարության որոշման նախագծի, հայտը չի հաղթահարել անցողիկ շեմը, քանի որ գործարար ծրագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ընկերությունը նորաստեղծ ընկերություն չէ և ՀՀ-ում գործունեություն է ծավալում 2012 թ-ից՝ «Խնկիկյան էլեկտրոնիքս» ՍՊԸ անվանումով, իսկ ընկերության ներկայացրած գործարար ծրագրի հիմնական դրույթները (արտահանման քաղաքականություն, տեխնոլոգիական նորարարությունների կիրառում, աշխատատեղերի քանակ, ներդրումների ծավալներ և այլն) արդեն իսկ կատարվել են կամ ներդրվել են: Գործարար ծրագրով նախատեսվող նոր աշխատատեղերը կամ իրականացվելիք ներդրումների ծավալը չեն կարող գնահատվել որպես «նոր աշխատատեղեր» կամ «նոր ներդրումներ» արդեն գործող կազմակերպության համար:

Միաժամանակ լրամշակված գործարար ծրագրում նշված է, որ ընկերությունը պատրաստ է լուծարվել, սակայն դա ևս լուծում չի կարող լինել, քանզի լուծարման դեպքում ևս պատկերը նույնն է մնում` որևէ նոր բան արդյունքում չի ստեղծվում: Ըստ պաշտոնյաների՝ «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ՍՊԸ-ին ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելը կարող է ստեղծել նախադեպ ՀՀ-ում գործող բիզնեսները ազատ տնտեսական գոտի տեղափոխվելու համար, ինչը հակասում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքին և կարող է հանդիսանալ պետական բյուջեի եկամտային մասի չկատարման պատճառ:

«Միաժամանակ, «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ՍՊԸ կողմից ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակներին` ՀՀ ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են ոչ թե գործող բիզնեսները հարկային դաշտից դուրս բերելու, այլ ՀՀ արտահանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումները, այդ թվում հանրահայտ բրենդային և վերազգային կորպորացիաների ներդրումները խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և նոր տեխնոլոգիաներ զարգացնելու նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը` գործարար ծրագիրը գնահատվել է միջինը 56 միավոր և չի հաղթահարել անցողիկ 60 միավոր շեմը, ուստի նպատակահարմար չենք գտնում թույլատրել «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը»,- նշված է որոշման նախագծում:

Տեսանյութեր

Լրահոս