Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել Հրաչյա Հարությունյանի նկատմամբ դատավճիռը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել «Կամազի» վարորդ, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կայացված դատավճիռը: Դրանով իսկ դատարանը մերժել է Հարությունյանի փաստաբանների բողոքը:
Օրենքի համաձայն` Մոսկվայի Տրոիցկի վարչական օկրուգի դատարանի կայացրած դատավճիռն ուժի մեջ է մտել այսօր: Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքերով` առաջին ատյանի դատարանը համապատասխան գնահատական չէր տվել վկաների ցուցմունքներին:
Առաջին ատյանի դատարանն օգոստոսի սկզբին Հարությունյանին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 264-րդ (ճանապարհային երթևեկության ու տրանսպորտային միջոցների կանոնների խախտում) ու 327-րդ (կեղծ փաստաթղթերի օգտագործում) հոդվածներով և դատապարտել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: