Հայաստանը միանում է ԵՏՄ պայմանագրին, ոչ թե ԵՏՄ-ին

«Մենք առաջինն էինք, որ պետք է անցնեինք այդ ճանապարհը, այդպիսի փորձ չկա, և դա նշանակում էր, որ մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրեինք»,- այսօր խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ ԵՏՄ-ն սկսելու է գործել 2015 թ. հունվարի 1-ից, և անիմաստ էր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ու ընդհանուր տնտեսական տարածքին, քանի որ դրանք դադարելու են գործել՝ ԵՏՄ-ի գործունեության հետ պայմանավորված. «Հունվարի 1-ից դադարում է գործել ՄՄ-ն, ընդհանուր տնտեսական տարածքը, ինչպես նաև ԵՎՐԱԶԷՍ-ը, որը Մինսկում ստորագրված պայմանագրով ևս դադարում է գործել»:

«Ինչպե՞ս այս կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց հասնել արդյունքի»,- հարցադրում արեց Շ.Քոչարյանն ու ինքն էլ պատասխանեց, որ գործում էին 22 աշխատանքային խմբեր, որտեղ հավաքված էին լավագույն մասնագետները, նաև նպաստեցին ՀՀ-ում իրականացված տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքում Հայաստանը շատ հարցերում ոչ միայն չէր զիջում, այլև առաջ էր ՄՄ երկրներից:

Փոխնախարարի խոսքով՝ կոնստրուկտիվ մոտեցում կար նաև մյուս կողմերում, քանի որ եթե լիներ ոչ կոնստրուկտիվ մոտեցում, կարելի էր միայն մի ապրանքանիշի մասով խոսելով, երկար բանակցել:

Շ.Քոչարյանը նշեց, որ անցած գործընթացի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ պայմանագրին, ոչ թե ԵՏՄ-ին, քանի որ միությունը դեռ գոյություն չունի, բայց իր բովանդակությամբ միանում է միությանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվել է, որ հանկարծ հարցականի տակ չդրվի Վրաստանի հետ ՀՀ ազատ առևտրային ռեժիմը և պայմանագրի 3-րդ հավելվածի 41-րդ մասում ֆիքսվել է, որ մինչև 2015թ. հունարի 1-ը ստորագրված համաձայնագրերը շարունակում են գործել. «Այսինքն, մենք ամեն ինչ արեցինք, որ ԵՏՄ-ին անդամակցելը չվտանգի մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Նույնը վերաբերում է նաև Իրանին»: Փոխնախարարը չափազանց կարևորեց Հայաստանի համար տրանզիտի հարցը, քանի որ ընդհանուր սահման չկա, այս հարցը կարգավորվում է հավելվածներից մեկով:

Շ.Քոչարյանը հայտնեց, որ Եվրասիական հանձնաժողովում Հայաստանը կլինի դիտորդի կարգավիճակով մինչև 2016 թ. փետրվարի 10-ը, որովհետև այսօրվա կոլեգիայի անդամների նշանակման ժամկետը ավարտվում է այդ ժամանակ, դրանից հետո կլինեն նոր նշանակումներ: Ըստ նրա՝ հանձնաժողովում ներկայիս յուրաքանչյուր երկրի 3-ական անդամի փոխարեն կլինեն 2-ական՝ պայմանավորված ՀՀ-ի և ապագայում Ղրղզստանի անդամակցությամբ:

«Մենք կանդամակցենք ԵՏՄ-ին այն ժամանակ, երբ բոլոր 4 խորհրդարաններում ավարտվեն պայմանագրի հաստատման հարցը, բայց ոչ շուտ քան հունվարի 1-ը»,- ասաց Շ.Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս