
Խաղողագործները բողոքում են. չեն կարողանում արտահանել արտադրանքը

Հայաստանի խաղողագործներից ոմանք 168.am-ին տեղեկացրին, որ խաղողը սառնարաններում մնում է, չեն կարողանում արտահանել:
«Չեն թողնում տանենք դուրս, վաճառենք: Էստեղ էլ սառնարանին ենք իզուր փող տալիս»,- ասում էին նրանք:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում արտահանման խնդիրները բացատրեց ռուսական ռուբլու և դրամի փոխարժեքների հետ: Վերջին շրջանում այս արտարժույթների անկումը դոլարի հանդեպ խիստ անբարենպաստ իրավիճակ է ստեղծել բոլոր արտահանողների համար:
«Նաև գինին ու կոնյակն են 30%-ով արժեզրկվել, իսկ դա շահութաբերության այն սահմանն է, որով մենք աշխատում ենք: Արտահանողներն իրենք չեն ուզում նմանպայմաններում արտահանել, սպասում են, մինչև իրավիճակը բարելավվի»,- ասաց Ա.Հարությունյանը:
Նա նշեց, որ անգամ նախկինում կնքված պայմանագրերում նշված փոխարժեքի փոխարեն այժմ ռուսները վճարում են նոր փոխարժեքով. «Ֆորս մաժորային իրավիճակ է, երկկողմ տուժում ենք: Սպասենք, տեսնենք ինչ կլինի, կամ ռուբլին, կամ էլ դրամը կայունանան»: