
Ինչու է օտարվում «ԱՐՄԻՆԿՈ»-ի բաժնեմասը

«ԱՐՄԻՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը կօտարվի: Այս գործարքի իրականացման համար անհրաժեշտ է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը, որն առաջիկա նիստում՝ նոյեմբերի 26-ին կուսումնասիրի հարցը:
«ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի մասնակից «ԱՐԱԲԵՍԿ» ՍՊ ընկերության 79 % բաժնեմասից 20-ական տոկոսը պետք է օտարվի ՀՀ քաղաքացիներ Անդրանիկ Ալեքսանյանին և Արման Ներսիսյանին, 25 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Գրիգորի Սաղյանին և 15 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Սուրեն Մանուկյանին: Նշենք, որ Անդրանիկ Ալեքսանյանը Տրանսպորտի և կապի նախկին փոխնախարարն է, «Արմինկոյի» հիմնադիրներից, և տարիներ շարունակ ղեկավարել է ընկերությունը:
Թե ինչո՞վ է պայմանավորված բաժնետիրական այս փոփոխությունը, 168.am-ի հետ զրույցում Գրիգորի Սաղյանը նշեց, որ դա ընդամենը կազմակերպական ձևի փոխոխություն է և, հաշվապահի խորհրդով, «Արաբեսկի» նույն սեփականատերերը գրանցվելու են որպես «Արմինկոյի» սեփականատերեր՝ իրավական անձի կարգավիճակով: