«Ոչ ոք չի քնում, արթնանում Հայաստանի ցավով, մոռացե՛ք միջազգային իրավունքը». Արամ Կարապետյանը՝ ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելու մասին

«Իմ տեսակետից՝ դա պետք է արվեր հենց այն գիշերը, երբ եղել էր դեպքը, որովհետև կարծում եմ՝ այնտեղ խուճապը ավելի մեծ կլիներ»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի՝ հատուկ նշանակության գործողության միջոցով վերադարձման մասին՝ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նա միաժամանակ նշեց, թե չի կարծում, որ ուշացած էր ԼՂՀ բանակի կողմից իրականացված հատուկ գործողությունը. «Քանի որ ես ռազմական առումով փորձագետ չեմ, այնտեղ գուցե տեխնիկական դժվարություններ կան, մենք լավ չգիտենք»:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Ա. Կարապետյանը համաձայն է, որ միջազգային փաստատթղթերը առանձնապես նշանակություն չեն ունենում նման դեպքերում.

Կարդացեք նաև

«Բացարձակ: Նայեք Ուկրաինային, նայեք այն ամենին, ինչ այնտեղ կատարվում է, ու համեմատեք մեզ հետ: Տարիներ շարունակ կրկնում եմ նույն բանը, որ ոչ ոք չի քնում- արթնանում Հայաստանի ցավով, ոչ մի երկիր: Որպեսզի մենք կարողանանք մեր պետության շահերը պաշտպանենք, պետք է լինենք էֆեկտիվ պետություն՝ էֆեկտիվ կառավարման համակարգով: Մոռացե՛ք միջազգային իրավունքը»:

Խոսելով ադրբեջանական կողմին պատասխան հարված հասցնելու մասին՝ Ա. Կարապետյանը նշեց, որ չի կարծում՝ հիմա դրա ժամանակն է. «Իմ կարծիքով, հիմա՝ այս պահին, դեռ պետք է լինի դիվանագիտություն: Հավատացնում եմ ձեզ՝ պատասխանը լինելու է, կտեսնեք, բայց հիմա դրա ժամանակը չէ: Պատասխանը հենց նրանով է հետաքրքիր, որ լինելու է անսպասելի, որ ոչ ոք դրան չսպասի»:

Տեսանյութեր

Լրահոս