Բաժիններ՝

Գյումրու որոշ դպրոցներում տարեվերջին ֆինանսական պարտքեր կառաջանան

asparez.am-ը գրում է.  Գյումրու հանրակրթական դպրոցներում ջեռուցման շրջանն արդեն սկսված է: Քաղաքային բոլոր դպրոցների շենքերն ապահովված են ջեռուցման լոկալ համակարգով` բացառությամբ թիվ 44 հիմնական դպրոցի. այստեղ ջեռուցումն իրականացվում է էլեկտրաէներգիայով: Մարզի գյուղական շուրջ 3 տասնյակ դպրոց էլ, արդեն տեւական ժամանակ, ջեռուցվում է հեղուկ վառելանյութով:

Նախորդ տարի էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների բարձրացման պատճառով Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող 154 հանրակրթական եւ հատուկ դպրոցների տրամադրվեց շենքի պահպանման հավելյալ գումար, որն ընդհանուր կազմում էր 17.321.7 հազար դրամ: Այս տարի դպրոցներին նման դրամաշնորհ հատկացնելու մասին որոշում չկա: Հավելյալ գումար չի տրամադրվելու, եւ դպրոցները դասասենյակներում պարտավորվում են ապահովել +16 աստիճան ջերմաստիճանից ոչ ցածր ջերմություն: 2014-ին մինչեւ 100 աշակերտ ունեցող յուրաքանչյուր պետական հանրակրթական հաստատության շենքերի պահպանման ծախսերի նվազագույն գումարը կազմել է 16 մլն 876 հազար դրամ` ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի տարեկան ֆոնդը:

Արդեն մի քանի տարի է` Գյումրու դպրոցներում հավաստիացնում են, որ նշված գումարը, ընդհանուր առմամբ, չի կարող բոլոր հաստատություններին էլ բավարարել. մի դեպքում շենքի տարածքն է մեծ եւ գումարը չի բավականացնում, մյուս դեպքում՝ աշակերտների թիվն է հաշվի առնվում, իսկ աշակերտների թվի պակասն այս հաստատություններում շարունակում է գերխնդիր մնալ: Այս բարձրաձայնումներին որպես արձագանք` կառավարությունն իր հերթին շարունակում է դպրոցի տնօրենից պահանջել տնտեսական ճկուն քաղաքականություն, գումարները խնայողաբար գործածելու ունակություն:

«Որքան էլ խնայողաբար գործածենք, բացերն ու թերություններն այս պայմաններում անհնար է վերացնել»` երբեմն էլ կառավարական այս արձագանքներին այսպես են պատասխանում դպրոցներում:

 Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս