ԱՄՆ-ում գրանցվել է Սպիտակ տան տարածք ներթափանցելու հերթական փորձը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Այովա նահանգի բնակիչը երեկ փորձել է ներթափանցել Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան տարածք: Այս մասին հայտնել է Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է ԱՄՆ նախագահի պահպանման համար:
40-ամյա Ար Ջեյ Կաֆիմը կեսօրից հետո մոտեցել է Սպիտակ տան ցանկապատի մոտ կանգնած Գաղտնի ծառայության գործակալին և հայտնել, որ ինչ-որ մեկն իրեն ասել է մտնել Սպիտակ տուն: Դրանից հետո նա գործակալներին ցույց է տվել Սպիտակ տան ավտոկայանատեղիում կայանած իր Volkswagen Passat մեքենան, որով նա Այովայից ժամանել է Վաշինգտոն:
Ավտոմեքենայի բեռնախցիկի զննման ժամանակ հայտնաբերվել է հրացան՝ ավելի քան 40 փամփուշտներով և որսորդական դանակ: Տղամարդուն ձերբակալել են չգրանցված զենք պահելու համար: Կաֆիմի քայլի դրդապատճառները ներկայումս պարզվում են: