
Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին կժամանի Թուրքիա

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին ժամանելու է Թուրքիա: Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ միասին նախագահելու է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստում:
Պուտինի հետ միասին Թուրքիա են ժամանելու մոտ 10 ռուս նախարարներ: Բանակցությունների ժամանակ քննարկվելու է երկու երկրների միջև առևտրի հարցում առկա խոչընդոտների վերացման հարցը, ինչը հնարավորություն կտա երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը ներկայիս 35 միլիարդ դոլարից 2020 թվականին հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի:
Քննարկվելու է նաև Թուրքիայից Ռուսաստան բանջարեղենի ու մրգերի արտահանման հարցը: Ուկրաինայի դեպքերի հետ կապված՝ Ռուսաստանն արգելք է դրել եվրոպական մի շարք երկրներից բանջարեղենի ու մրգերի ներկրման վրա: Կողմերը քննարկելու են նաև Աքքույուի ատոմակայանի կառուցման աշխատանքների արագացման հարցը: