Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության և եռյակի գործելաոճի մասին
«Սա քաղաքական պայքար է, որը հմտություն է պահանջում և իշխանությունները, բնականաբար, մանևրելու են: Ճնշումներն են ստիպում պահանջները կատարել: Քաղաքական պրոցեսն այդ տրամաբանությամբ զարգանալով է հասել այստեղ: Նույն քառյակն էլ, ըստ էության, ձևավորվեց հենց այդ պատճառով, որովհետև իշխանությունները կոշտ պահվածք էին որդեգրել, ինչը ստիպեց մոբիլիզացվել մյուս կողմին: Ոչ իշխանական քաղաքական ուժերը եթե նույն տրամաբանությամբ շարունակվեն, ես կարծում եմ, այդ պատրանքները կցրվեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների hետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով 12 կետերի կատարումը վերանայելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը և եռյակի գործելաոճը:
Ըստ նրա՝ հավատ կարող է ներշնչել միայն կարևոր հարցերի լուծման ճանապարհային քարտեզի մշակումը և կոնկրետ ժամանակացույցի սահմանումը: Ա.Ռուստամյանը հավստիացրեց, որ ՀՅԴ-ն ամենաանմիջական մասնակցությունն է ունեցել և ունի քաղաքական օրակարգի ձևավորման հարցում և իրենց քայլերն ուղղված են կայուն ու լուրջ զարգացում ապահովելուն:
Ա.Ռուստամյանը դրական գնահատեց, որ հոկտեմբերի 24-ից հետո արյունահեղություն չեղավ, բայց հավելեց, որ անորոշությունները չեն ցրվել, իսկ հիասթափության աստիճանը պետք է հասարակությունը որոշի. «Այսօր հասարակությանը հուզող բոլոր հարցերը ես չեմ տեսնում, որ ամսի 24-ից հետո բավարարված են: Բայց ես չեմ համարում, որ սա ձախողում է կամ փակուղի մտած վիճակ, քաղաքական գործընթացն այդպիսին է, որ ամեն ինչ միանգամից տեղի չի ունենում: Հասարակությունը պետք է սովորի երկարատև պայքարի, բայց նաև պետք է հասկանա՝ այդ պայքարի քայլերն իրակա՞ն են, ո՞ւր են տանում, այս խնդիրները, որոնք դրված են, դրանց համապատասխան լուծումներ առաջարկվո՞ւմ են, թե՞ ոչ»: