Բաժիններ՝

Զինվոր Նորայր Քամալյանը պատմում է, թե ինչպես է զորամասերից մեկում հանկարծակի հայտնված ադրբեջանցի դիվերսանտներին հետ մղել

aparaj.am-ը զրուցել է 20-ամյա արցախցի, շարքային զինծառայող Նորայր Քամալյանի հետ, ով հուլիսի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում հանկարծակի հայտնված ադրբեջանցի դիվերսանտներին արժանի դաս տվեց՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալով: Դիվերսանտները փախուստի են դիմել` ունենալով կորուստներ, թողնելով տարբեր տիպի զինամթերք:

 – Ինչպե՞ս կատարվեց, որ կարողացաք մինչև ականջները զինված ազերի դիվերսանտներին արժանի դաս տալ, այն էլ՝ մենակ, անզեն, ձեռնամարտով:

– Հայ տղամարդը պիտի պատրաստ լինի ցանկացած փորձության, այդ դեպքում՝ Աստված նրա բազկին ուժ կտա, հավատացեք… Այդ պահին ոչ մի բանի մասին չէի մտածում, միայն գիտեի, որ զինվոր եմ ու պիտի ամեն գնով պաշտպանեմ հայրենիքս: Այդ պահին ձեռքիս զենք չկար, եթե լիներ, ավելին կանեի: Ինձ համար դժվար է հիշել ու խոսել կատարվածի մասին, քանի որ ես այդ օրը կորցրի ընկերներիս՝ Ազատ Ասոյանին ու Արարատ Խանոյանին: Նրանք հերոսներ են:

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր պակասում ազերի զինվորների մոտ՝ համարձակությու՞նն ու քաջությունը, թե՞ ազգային-հայրենասիրական ոգին:

– Մեր ժողովրդի պատմությունն ուսումնասիրելով՝ կարող ենք բազում նման դեպքերի հանդիպել, երբ անզեն հայը հաշվեհարդար է տեսել զինված թշնամու հետ: Սա խոսում է ազերիների ու նաեւ նրանց եղբայրակից թուրքերի ազգային նկարագրի մասին. նրանք ոչ միայն զուրկ են ձեր նշած հատկանիշներից, այլեւ հեռու են մարդ լինելուց, նրանց մոտ սոսկ գազանային բնազդն է գործում, նրանք ի ծնե այդպիսինն են: Դա նկատել ենք ոչ միայն մենք ՝ հայերս, այլեւ շատ օտարազգի մտածողներ , ովքեր տիպիկ բնորոշումներ են տվել նրանց:

– Ինչպե՞ս է հիմա ձեր առողջական վիճակը, ինչի՞ կարիք ունեք:

– Առողջական վիճակս նորմալ է, դեռեւս բուժվում եմ, բայց շուտով ոտքի կկանգնեմ, շատ եմ ուզում նորից ծառայության վերադառնալ:

– Ի՞նչ կցանկանայիք այսօր սահմանին կանգնած հայ զինվորին:

– Կցանկանայի, որ անփորձանք լինի նրանց ծառայությունը եւ պատվով վերադառնան իրենց օջախները: Կցանկանայի, որ լինեն աչալուրջ, ամուր կամք ունենան ու չընկճվեն թշնամու ոչ մի ոտնձգությունից: Ես հավատում եմ նրանց ոգուն, կարծում եմ՝ դուք նույնպես:

– Ի՞նչ եք կարծում՝այսօր հայկական բանակում գերակշռո՞ղ է ձեր տեսակը, դուք վստա՞հ եք, որ ձեր ընկերները նույնը կանեին նման իրավիճակում:

– Իհարկե, գերակշռող է : Համոզված եմ, ընկերներս նույնը կանեին, եթե իմ փոխարեն լինեին: Ես հավատում եմ հայի այն տեսակին, որը չի ընդունում պարտությունն ու նահանջը:

– Ո՞րն է իրական հայրենասիրության ձեր բանաձևը:

– Եթե անկեղծ ասեմ, երբեմն մտորել եմ դրա շուրջ, բայց երեւվի ամեն մարդ իր բանաձեւն ունի, իր չափով է անում հայրենասերի իր գործը: Այս դեպքից հետո ես շատ բան բացահայտեցի իմ մեջ, շատ բան հասկացա, սակայն բառերով ասել դժվարանում եմ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս