«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ՀՀ վարչապետին խոստացել է մեկ ամսում ՏՏ ոլորտի մասնագետներին վիզաներ տրամադրելու խնդրին լուծում տալ». Կարեն Վարդանյան

Վերջերս Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից ահազանգ էր հնչեցվել այն մասին, որ սկսած անցած տարվա նոյեմբերից, իսկ վերջին շրջանում՝ հատկապես, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսարանը ամենատարբեր պատճառներով մերժում է ՏՏ ոլորտի աշխատակիցներին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտքի վիզա տրամադրելու հարցում:

168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնին և ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված հյուպատոսության այս գործելակերպը և այս որոշումը, որքա՞ն թիվ են կազմում ՏՏ ոլորտի մասնագետներին ԱՄՆ մուտքի վիզա չտրամադրելու դեպքերը, և ե՞րբ կհարթվեն այդ խոչընդոտները:

ԱՄՆ դեսպանատունը պատասխանել էր հարցմանը՝ նշելով, որ ԱՄՆ դեսպանատունը հանդիպել է ՏՏ համայնքի ղեկավար անձանց հետ՝ պարզաբանելու վիզաներին վերաբերող ամերիկյան օրենսդրությունը, և իրենք պատրաստ ենք շարունակել այդ երկխոսությունը: «Մենք գիտակցում ենք ՏՏ ոլորտի կարևորությունը Հայաստանում և կշարունակենք նպաստել ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ հետևողական լինելով ԱՄՆ վիզաների տրամադրման սահմանված կարգերին»,- նշված էր պատասխանի մեջ:

168.am-ը ԻՏՁՄ տնօրեն Կ. Վարդանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է երկխոսությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ, և ի՞նչ է արվել խնդրին լուծում տալու համար: Կ. Վարդանյանը տեղեկացրեց, որ երկխոսությունը տեղի է ունեցել և վաղուց ավարտվել է. «Մենք հանդիպել ենք ԱՄՆ դեսպանի, փոխդեսպանի և նախկին ու ներկա հյուպատոսների հետ, ներկայացրել ենք խնդիրը: ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսական ծառայության աշխատակիցների վարքագիծը տենդենցիոզ և բացասական է, նման վարքագծով չի կարող համագործակցություն լինել, և դա անդրադառնում է հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, որովհետև իրենց այդ վարքագծով հյուպատոսությունն առաջին հերթին՝ վնասում է ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերություններին»:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ ինչպե՞ս էին հյուպատոսությունից պատճառաբանում վիզաներ չտրամադրելու հանգամանքը, Կ. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Ֆորմալ պահանջներ են դնում, որոնք, ըստ էության, հիմարություններ են: Օրինակ, վիզայի համար դիմող քաղաքացուն հարցնում են՝ 15 անգամ ինչո՞ւ ես գնացել Ամերիկա, չէ՞ր լինի՝ այդ 15 անգամի փոխարեն՝ հեռախոսով կապվեիր, Skype-ով խոսեիր, կամ, եթե համակարգիչդ հետդ տանում ես, ուրեմն՝ աշխատելու ես Ամերիկայում… Կամ, օրինակ, վիզայի հարցում մերժում են Հայաստանում գործող խոշոր ընկերության վաճառքի գծով պատասխանատուին, որը պետք է մեկներ մրցանակ ստանալու համար՝ պատճառաբանելով, թե՝ վստահություն չեք ներշնչում… աբսուրդ պահանջներ են, որոնք չեն կարող լինել: Այս 15 տարիների ընթացքում նման խնդիր երբևէ չի առաջացել, և ՏՏ ընկերությունների աշխատակիցները մշտապես այցելություններ են ունեցել՝ մասնագիտական, գործնական նպատակներով»:

Կ. Վարդանյանը նշեց, որ իրենց տարածած հայտարարությունից հետո խնդրել են պետական մարմիններին՝ այդ խնդրով զբաղվել. «Ես գիտեմ, որ ՀՀ վարչապետը նույնպես Ամերիկայի դեսպանի հետ այդ թեմայով զրույց է ունեցել, մանրամասները չգիտեմ, բայց Ամերիկայի դեսպանը խոստացել է 1 ամսում խնդրին լուծում տալ»:
Իսկ փոխվե՞լ է իրավիճակը: Կ. Վարդանյանը հարցին այսպես արձագանքեց. «Համենայնդեպս, իրավիճակը դեռ չի բարելավվել»

 

 

Տեսանյութեր

Լրահոս