Արման Կիրակոսյան․ «Բաքուն անտեսում է միջազգային հանրության կոչերը»

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիկի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի Անջեյ Կասպրչիկի զեկույցների:

Դեսպան Կիրակոսյանը բարձր գնահատեց Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը վերջին երեք ամսվա ընթացքում Սոչիում, Նյուպորտում և Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումների գումարման ուղղությամբ: Նշվեց, որ վերջին՝ Փարիզի գագաթաժողովի ընթացքում հաստատվեց, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն արդյունավետ է գործում և խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այլընտրանք չունի: Հայկական կողմը կարևորեց Հիմնարար սկզբունքների շուտափույթ ընդունումը, ինչը հնարավորություն կտա հիմնական խաղաղ համաձայնագրի բանակցումը սկսելու համար:

ՀՀ մշտական ներկայացուցիչը խստիվ դատապարտեց շփման գծի երկայնքով ուսումնական թռիչք իրականացնող ԼՂ Պաշտպանության բանակի ուղղաթիռի ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ գնահատելով այդ միջադեպը որպես հերթական սադրանք իրավիճակը սրելու և բանակցային գործընթացը խափանելու նպատակով: Նշվեց, որ խախտելով հրադադարի ռեժիմը և դիմելով բռնության՝ Բաքուն անտեսում է Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության կոչերը ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ՝ դրանով իսկ պատասխանատվություն ստանձնելով իրավիճակի սրման համար:

Հայկական կողմը մտահոգություն հայտնեց, որ 2014թ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները բազմապատկվել են, շարունակվել են դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը, քաղաքացիական անձանց գնդակոծությունը և ծանր սպառազինության կիրառման դեպքերը, ինչը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի: Նշելով, որ յուրաքանչյուր զոհ էլ ավելի է խորացնում անվստահությունը ժողովուրդների միջև, դեսպան Կիրակոսյանը կոչ արեց ադրբեջանական կողմին ընդունել համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդման միջոցառումները՝ հրադադարի ռեժիմի ամրապնդումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և դիպուկահարների դուրսբերումը: Դա կնվազեցնի հրադադարի խախտման դեպքերը և մարդկային զոհերի թիվը՝ դրանով իսկ դրական մթնոլորտ ստեղծելով խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար: Ընդգծվեց, որ Հայաստանի մոտեցումներն այդ հարցում լիովին համընկնում են միջազգային հանրության և համանախագահների մոտեցումների հետ, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն մերժում է վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը:

Դեսպանը մտահոգություն հայտնեց, որ վստահության ամրապնդման ծրագրերում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունների կողմից լրտեսության կեղծ մեղադրանքներով ի ցույց է դնում Ադրբեջանի կողմից հումանիտար շփումները բացառելու փորձերը:

Ելույթի ավարտին դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ հայկական կողմը հիմնախնդրի կարգավորման հիմքում դնում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր ճակատագիրն ազատ կերպով ընտրելու իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս