
Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի գործողությունների հետևանքով վիրավորվել է 3 վրացի զինծառայող

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում գտնվող Բագրամ ավիաբազայում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով տուժել է Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում գտնվող վրացի երեք զինծառայող:
Նրանք պարեկություն կատարելիս են եղել տեղանքում, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են տեղի հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում են համապատասխան բուժում: Բագրամ ավիաբազան Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի խոշորագույն ռազմաբազան է, այն գտնվում է Փարվան նահանգում՝ մայրաքաղաք Քաբուլից 47 կիլոմետր հեռավորության վրա: