Բաժիններ՝

Հայաստանը կարող էր շահել ռուբլու տատանումից, եթե կարողանար վերադիրքավորել իր տնտեսության մի քանի ճյուղերը. փորձագետ

«Հայաստանի հեռանկարները չեն կարող լավը լինել այն պարզ պատճառով, որ 1991թ. մենք ստեղծել ենք բավականին անհաջող պետություն, որն ուղղակի ունակ չէ անգամ հանգիստ վիճակում կորզել առավելություններ իր համար, էլ ուր մնաց`վերջին տատանումները»,- նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Հայաստանի ներկայիս ֆինանսատնտեսական իրավիճակին և դրա զարգացման հեռանկարներին:

Նրա խոսքով` Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ մեզ մոտ ներմուծումն անգամներով ավելի մեծ է, քան արտահանումը. «Սա նշանակում է, որ մենք անկախության օրվանից չենք խրախուսում տեղի արտադրողին և կախված ենք ներմուծումից: Մյուս կողմից էլ` շատ ենք սիրում լացել շրջափակման մասին: Սա ունիկալ երևույթ է, քանի որ դրանով հանդերձ մենք, այնուամենայնիվ, մեր հույսը դրել ենք ներկրման վրա, որը սահմանի հետ է ի վերջո կապված: Ընդհանրապես, ներդրումային քաղաքականությունը, որ իրականացվում է Հայաստանում, այնպիսին է, որ մենք չունենք լուրջ ռազմավարական ներդրումներ: Մենք արդեն 10 տարի է` զբաղված ենք շենք-շինությունների կառուցումով և սպասում ենք, որ Սփյուռքից մարդիկ կգան, կառնեն կամ չեն առնի»:

Անդրադառնալով նաև ռուսական ռուբլու արժեզրկմանն ու տատանումներին` Հ. Մեսրոբյանն ասաց, որ դա ոչ միայն պետք է բացասական դիտարկել, այլև դրական` այն իմաստով, որ եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, կկարողանար վերադիրքավորել իր տնտեսության մի քանի ճյուղերը. «Պետության օլիգարխիկ կառավարման համակարգն աշխարհի ամենաանհաջող, ամենաանմրցունակ, իրական տնտեսությունը խեղդող համակարգն է: Օլիգարխիկ կառավարման համակարգի ներքո երբեք մի սպասեք առաջընթաց: Կարող է պատահի, որ մենք թվերը գլորելով ստանանք գեղեցիկ պատկեր թղթի վրա, բայց ըստ էության` գոյություն չունի տնտեսության և կառավարման համակարգի զարգացում: Ի դեպ` միշտ պետք է տարանջատել աճը զարգացումից. աճը թվաբանություն է, զարգացումը` որակ: Եթե մեզ մոտ լիներ ինչ-որ որակական փոփոխություն, մենք կտեսնեինք»:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս