Մանվել Բադեյանը` Արամ Գ. Սարգսյանին. «Այո՛, ռուսներն ամեն ինչ անում են, որ մենք լավ ապրենք, իսկ մեր կառավարությունը թույլ չի տալիս» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը և ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին գազի և էլեկտրաէներգիայի թանկացումների մասին:

Արամ Գ. Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահ Վ. Պուտինն այստեղ հայտարարեց, որ իրենք 30 տոկոսով իջեցնում են գազի գինը. այն 270 դոլարից դառնում է 180 դոլար, և ժողովուրդը կզգա այդ փոփոխությունը:

«Հակառակ դրան՝ մեր հանձնաժողովը բարձրացրեց գինը, և ստացվեց անհասկանալի մի իրավիճակ. նրանք իջեցնում են 30 տոկոսով, դուք բարձրացնում եք 30 տոկոսով՝ անունը դնելով, որ այստեղ արդեն ամբողջովին «Գազպրոմն» է գործում: Բայց ցանկացած ձեռնարկություն, որը գործում է մեր տարածքում, ենթարկվում է մեր օրենքներին և պարտավոր է կատարել մեր օրենսդրությամբ որոշված քայլերը:

Այնպես որ, եթե դա սեփականություն է, ապա չի նշանակում, որ ինչ ուզեն՝ կարող են անել: Վառելիքի հետ կապված էլ՝ նույն ձևով դեկտեմբերին հայտարարվեց, որ վառելիքի գինը ևս կիջնի 30 տոկոսով, որովհետև իրենք հանեցին մաքսային տուրքը: Այդ ժամանակվանից սկսած՝ մի դրամով չիջավ գինը, մինչև այս վերջերս, երբ ընդամենը 10 դրամով նվազեց, այն էլ այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում վառելիքի գները 115 դոլարից իջան 85-ի, իսկ երեկվա դրությամբ՝ 83 դոլարի»,- պարզաբանեց նա:

Արամ Գ.Սարգսյանը նկատեց, որ մեզ մոտ սա ոչ թե մեկ, այլ մի խումբ մարդկանց մենաշնորհ է, որովհետև իրենք իրար հետ պայմանավորվել են և չեն իջեցնում գները.

«Զարմանալին այն է, որ մեկը բերում է Ռուսաստանից, մյուսը՝ Ռումինիայից, մեկ ուրիշը՝ Բուլղարիայից, և այլ տարբեր տեղերից, բայց այնպես է ստացվում, որ բոլորի գինը նույնն է: Այդպիսի բան չի կարող լինել շուկայում: Նշանակում է՝ այստեղ կա կորպորատիվ համաձայնություն: Այնտեղ գներն իջեցրել են, այստեղ չենք իջեցնում, հարց է առաջանում՝ ո՞ւմ ենք հարստացնում»:

Մանվել Բադեյանը հեգնեց՝ ասելով, թե տրամաբանությունը պարզ է՝ ռուսներն ամեն ինչ անում են, որ մենք լավ ապրենք, իսկ մեր կառավարությունը թույլ չի տալիս. «Համաձայն չեմ բերված փաստարկների հետ, որովհետև գազի գնի ձևավորումը ռուսական «Գազպրոմի» գործառույթն է»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս