Բաժիններ՝

Հայաստա՞ն: Օ՜, ներեցեք, չեմ լսել…

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին ուղղված հայ երիտասարդի հարցը, թե ի՞նչ է պատրաստվում անել սոցիալական այս ցանցը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, քանի որ «անկախ ազգությունից՝ յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի և դատապարտի 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կատարած բոլոր ոճիրները», սոցցանցում քննարկման նյութ դարձավ: Շատ օգտատերեր հավաստեցին իրենց հարգանքը հարց տված երիտասարդին և ծաղր ու սրամտություններ շռայլեցին հարցին լռությամբ պատասխանած Ցուկերբերգի հասցեին:

Իսկ եթե մեզ՝ հայերիս, օտարերկրացիները հարց տան՝ ի՞նչ օր է ձեզ համար ապրիլի 7-ը: Մենք անմիջապես կպատասխանենք՝ Մայրության և գեղեցկության օրը: Հարց տվողները գլուխները բացասաբար կօրորեն՝ «Չէ՛, ուրի՛շ օր է»:

Այդ օրը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության օրն է: Երբ 1994 թ., այսինքն՝ 20-րդ դարի ավարտին, Եվրոպայի, Արևմուտքի, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, ՄԱԿ-ի անգործությամբ, մոտ մեկ միլիոն մարդ կոտորվեց, ենթարկվեց անմարդկային կտտանքների, մեկ միլիոն մարդ բռնեց գաղթի ճամփան: Գիտե՞նք, հիշո՞ւմ ենք նման բան: Ոչ միայն չենք հիշում, այլև այնքան էլ լավ չենք պատկերացնում Ռուանդայի տեղը երկրագնդի վրա: Ճիշտ այնպես, ինչպես, երբ արտասահմանում որևէ մեկին հարցնում ենք հայերի, Հայաստանի մասին, բարեկրթորեն ժպտում է.«Ներեցեք, չգիտեմ»:

Արդեն 21-րդ դարում, հենց այս տարվա օգոստոսին, Իրաքի հյուսիսային շրջաններում ցեղասպանություն իրականացվեց եզդիների հանդեպ: Սա ձեզ համար 20-րդ դարասկիզբը չէ, երբ լուրը տեղից տեղ հասնում էր օրերի, ամիսների ընթացքում:

Հաճախ՝ չէր էլ հասնում: Եզդի ժողովրդի ցեղասպանությունը ֆիքսել են բազմաթիվ տեսախցիկներ, այն գրեթե ցուցադրվել է օն-լայն ռեժիմով: Այսինքն՝ աշխարհն անմիջապես է իմացել է, որ, այսպես ու այսպես, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ոչնչացնում են եզդիներին: Սակայն պարզվեց, որ, ինչպես 1915-ին, 21-րդ դարում ևս աշխարհի հզոր պետությունները, միջազգային կառույցները ոչ միայն ի վիճակի չեղան պաշտպանել եզդի ժողովրդին, այլ որոշ դեպքերում, ինչպես մասնագետներն են պնդում, զենք չտրամադրվեց նույնիսկ նրանց ինքնապաշտպանության համար: Ու բոլորս հեռուստատեսությամբ տեսանք Հայոց ցեղասպանությունը հիշեցնող կադրեր՝ գլխատված, հոշոտված մարմիններ, սարսափած հայացքներով երեխաներ ու կանայք: Ի տարբերություն Ռուանդայում ցեղասպանության ենթարկված թութսիների, որոնց մասին շատերն անգամ չեն էլ լսել, եզդիներ ապրում են մեր հանրապետությունում, մեր կողքին:

Հարյուր-հազարավոր հայեր փողոց դուրս չեկան ու աշխարհից չպահանջեցին պաշտպանել եզդիներին ցեղասպանությունից: ՀՀ կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի շենքի մոտ եզդիները բողոքի փոքրիկ, կարելի է ասել՝ կամերային, ցույց կազմակերպեցին: Հեռուստացույցով ցուցադրվող կադրերն անգամ ոմանց աչքից ժլատ արցունք քամեցին:

Ցեղասպանություն տեսած ժողովուրդը, որպիսին մենք մեզ կոչում ենք, գործողությունների, աշխարհընկալման լրիվ այլ փիլիսոփայություն պիտի ունենար: Կարեկցանք ու սատարում բոլոր նրանց, այն ժողովուրդներին, որոնք այսօր, 21-րդ դարում ցեղասպանության վտանգի առաջ են:

Հիմա՝ մենք ազգությամբ հրեա երիտասարդից՝ Մարկ Ցուկերբերգից, հետաքրքրվում ենք, թե ինչ է նա պատրաստվում կազմակերպել իր հիմնադրած Ֆեյսբուքում: Եթե, դիցուք, ապրիլի 7-ին, բոլորս մեր ֆբ էջերում անդրադառնանք 1994-ին տեղի ունեցած Ռուանդայի ցեղասպանությանը, եթե գիշեր-ցերեկ փորձենք ինչ-որ ձևով՝ քաղաքական հայտարարությամբ, դիվանագիտական խողովակներով, մեր զորակցությունը հայտնել եզդի ժողովրդին, գուցե և բարոյական իրավունք կունենանք նաև Ցուկեռբերգի նման տղայից ակնկալել քայլեր Ապրիլի 24-ին:

Բայց մեզ բացարձակ չի հետաքրքրում այն, ինչ տեղի է ունենում մեր քթից այն կողմ: Աշխարհի բոլոր գործընթացների հանդեպ մեր հետաքրքրությունն այնքան սահմանափակ է, որ նիրվանայի մեջ ենք ընկնում միայն այն մտքից, որ արտագնա աշխատանքի մեկնած Գարեգինն արդեն աշխատանք ունի, ու Նոր տարվա սեղանի ծախսերն արդեն լուծված կարելի է համարել:

Բայց հավակնում ենք, որ մեր խնդրի առանձնահատկությունն ընկալեն բոլորը, Ցեղասպանության ճանաչման հարցը լինի բոլոր երկրների պառլամենտներում, քաղաքացիների շուրթերին: Մեր երկրի ներսում ինքներս կուլ ենք տալիս ամեն ինչ: Մեզնից յուրաքանչյուրը թող իր շուրջը նայի ու տեսնի, թե անարդարության ինչ մասշտաբ է հանդուրժում ինքը, քանի որ չհանդուրժելու խիզախություն չունի, քանի որ չհանդուրժելն այդ պահին նպատակահարմար չէ: Մեր հարևանի հանդեպ կատարված անարդարությունը մեզ չի վերաբերում. անախորժությունների մե՞ջ է, թող փորձի ինչ-որ կերպ դուրս գալ: Երբ անախորժությունը քո դուռն է թակում, այդ ժամանակ զարմանում ես, թե համամարդային այդ անարդարությունը, որ քեզ է պատահել, ինչո՞ւ ոչ մեկին չի հետաքրքրում: Լրիվ նույն պատճառով, երբ քեզ չի հետաքրքրում ուրիշի հետ տեղի ունեցածը:

Մեծացնենք մասշտաբը: Ցուկերբերգի համար Հայոց ցեղասպանությունն ունի նույն գինը, ինչ մեզնից յուրաքանչյուրի համար Ռուանդայի ցեղասպանության ժամանակ կոտորված մոտ 1 000 000 թութսիներն ու նաև հութու ցեղի՝ քաղաքական չափավոր հայացքներ ունեցող ներկայացուցիչների մահը: Կամ էլ այս տարվա օգոստոսին ցեղասպանության ենթարկված եզդիների ճակատագիրը:

Այսինքն՝ բացարձակ արժեք չունի:

Այդ դեպքում, որքանո՞վ է արդար` դիմել այլոց՝ ճանաչել մեզ հետ կատարված սարսափելի և, ըստ էության, ճակատագրական աղետը: Խոշոր իմաստով, ցեղասպանությունների ճանաչումը միջազգային հանրության ազատ ընտրությունն է՝ ուզում է ճանաչել ու դատապարտել, թող անի: Չի ցանկանում կամ հարմար չի գտնում, ուրեմն թող չանի:

Ճանաչելն ու դատապարտելը ոչինչ են, եթե չկա կոնկրետ գործողություն: Մենք ճանաչում ու դատապարտում ենք 2008 թ. մարտի 1-ին մեր իշխանությունների հրահանգով սպանված մեր տասը հայրենակիցների մահը: Մեր դատապարտումից հետո մարդասպաններին գտա՞ն: Ո՛չ: Նրանք այսօր էլ ազատ շրջում են՝ պատրաստ վաղը ևս իրականացնել Սարտի 1, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Պետությունների մակարդակով մասշտաբը մեծացնելիս էլ 10 զոհին ավելանում են արդեն մի քանի զրոներ…

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս