Ռուբեն Բալոյանի կարծիքով՝ «Աքիլլես» հ/կ-ն ընդամենը իր բլանկի վրա արձանագրել է պաշտպանական կողմի դիրքորոշումը
Վարդան Պետրոսյանի մասնակցության ավտովթարի գործի քննության ընթացքում այսօր տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ներկայացրեց իր դիրքորոշումը պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերի վերաբերյալ: Նշենք, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել էր մի կազմակերպության կողմից վթարի վայրում կատարված չափագրումները, ինչպես նաև «Աքիլես» հասարակական կազմակերպության ներկայացրած եզրակացությունը:
«Ըստ «Աքիլլես» հ/կ-ի կողմից տրամադրված գրության ՝ Եղվարդ-Երևան ճանապարհի՝ դեպի Աշտարակ տանող ուղեմասի լայնությունը թիվ 1 սխեմայում 3.8 մետր է, իսկ ըստ պաշտպանական կողմի՝ ճանապարհի ամենանեղ հատվածում՝ 4.3: Իրականում դեպի Աշտարակ տանող ճանապարհի եզրերն ահնարթությունների պատճառով տատանվում են, ճանապարհի նվազագույն լայնությունը 3.8 մետր է: Դեպի Աշտարակ տանող ճանապարհի տատանվող լայնությունը չի կարող որևէ նշանակություն ունենալ վթարի պատճառը որոշելու համար, և այն ինքնին վթարի պատճառ հանդիսանալ չի կարող»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով նաև այլ չափեր:
Ըստ նրա՝ ինչ վերաբերվում է «Աքիլլես» կազմակերպության կողմից մատնանշված հետքեր լինել-չլինելուն, ապա անհասկանալի է, թե ինչպես է կազմակերպությունը որոշել հետքերի քանակը և պատկանելությունը. «Միթե անհրաժեշտություն կա կատարել գեոդեզիական չափումներ, որպեսզի նկարին նայելով՝ «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը կարծիք հայտներ, այլ էլ՝ մասնագիտական:
Իրականում իր գրությամբ «Աքիլլես» հասարակական կազմակերպությունն ակնհայտ ցույց է տվել իր կողմնակալությունը՝ պաշտպանական կողմի նկատմամբ՝ բառացիորեն կրկնելով պաշտպանի հայտարարությունները»: Ռուբեն Բալոյանն ասաց նաև, որ քրեական գործում առկա է վթարի պատճառները վերլուծող, օրենքով ստացված դատաավտոտեխնիական փորձագետի եզրակացությունը:
«Անդրադառնամ նաև «Աքիլլես» հասարակական կազմակերպության կողմից տրամադրված գրությանը մասնագիտական կարծիք կոչելուն: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այժմ իրականացվում է քրեական դատավարություն, որի ընթացքում մեջբերելով բոլոր հասկացությունները և տերմինները պետք է համապատասխանեցված լինեն Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին: Այսինքն՝ «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը սույն քրեական գործով կարող էր մասնագիտական կարծիք հայտնել միայն այն դեպքում, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինը կողմի միջնորդությամբ վերջինիս ներգրավված լիներ մասնագիտական գիտելիքներ օգտագործելով դատավարական գործողության կատարմանն աջակցելու համար: Տվյալ դեպքում «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը կամ նրա աշխատակիցները ներգրավված չեն եղել վարույթն իրականացնող մարմնի կողմից»,- ասաց Ռուբեն Բալոյանը՝ նշելով, որ կազմակերպությունն ընդամենը իր բլանկի վրա արձանագրել է պաշտպանական կողմի դիրքորոշումը: Նրա խոսքով՝ կազմակերպության կողմից տրված գրությամբ հնարավոր չէ հերքել կամ հաստատել գործի համար նշանակություն ունեցող որևէ փաստ: