Այս տարի վրացական գինու արտահանման ծավալն աճել է 49 տոկոսով
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունավար-հոկտեմբեր ամիսներին վրացական գինու արտահանման ծավալն աճել է 49 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի Գինու ազգային գործակալությունը:
Հաշվետու ժամանակահատվածում աշխարհի 42 երկիր է արտահանվել մոտ 49.4 միլիոն շիշ (0.75 լիտր) վրացական գինի: Հաշվետու ժամանակահատվածում արտահանված ապրանքի արժեքը կազմել է 157.3 միլիոն դոլար, ինչը 49 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Ռուսաստանին բաժին է ընկել վրացական գինու արտահանման 64 տոկոսը՝ մոտ 31.8 միլիոն շիշ գինի: Երկրորդ տեղում Ուկրաինան է, ապա գալիս են Ղազախստանը, Բելառուսն ու Լեհաստանը:
Այս տարվա առաջին 10 ամիսներին Վրաստանից աշխարհի 14 երկիր է արտահանվել ավելի քան 10.5 միլիոն շիշ (0.5 լիտր) վրացական բրենդի: Դրամական արտահայտմամբ՝ դա կազմում է մոտ 34 միլիոն դոլար, ինչը 46 տոկոսով ավելի է՝ նախորդ տարվա առաջին 10 ամիսների հետ համեմատ:
Վրացական բրենդին ամենաշատն արտահանվել է Ուկրաինա՝ մոտ 5.5 միլիոն շիշ, իսկ երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ ավելի քան 4.4 միլիոն շիշ: 2013 թվականին մոտ 45 միլիոն շիշ վրացական գինի է արտահանվել աշխարհի 48 երկիր, ինչն 96 տոկոսով գերազանցել էր 2012 թվականի ցուցանիշը: Դրանցից մոտ 22 միլիոն շիշը բաժին էր ընկել ռուսական շուկային: