Բաժիններ՝

Ինչպես Հայաստանը «շահեց» ռուսական պատժամիջոցներից

Օգոստոսի սկզբին Ռուսաստանը, որպես իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատասխան` փակեց գյուղմթերքների շուկան ԱՄՆ-ի, Եվրամիության, Կանադայի և Ավստրալիայի առջև։ Ցանկում ներառված են մոտ 5 տասնյակ անուն ապրանքներ, այդ թվում` մսամթերքը, կաթնամթերքը, միրգն ու բանջարեղենը։

Մեր պաշտոնյաներն այդ ժամանակ բավականին ոգևորված էին։ Նրանք համոզված էին, որ մենք կարող ենք շահել այդ պատժամիջոցների արդյունքում։ Այսինքն` նրանք կարծում էին, որ ՀՀ գյուղմթերք և պատրաստի սննդամթերք արտադրողները կկարողանան լրացնել ռուսաստանյան շուկայում ստեղծված դեֆիցիտը, և փոխարինելով արևմտյան ապրանքներին` ամրապնդվել այնտեղ։

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն, օրինակ, օգոստոսի կեսերին հայտարարեց, որ Ռուսաստանի պատժամիջոցների տակ հայտնված արևմտյան 57 ապրանքատեսակներից Հայաստանն արտադրում և արտահանում է 37 համարժեք ապրանք, որոնցից 31-ը` հենց Ռուսաստան: Այդ 37 տեսակների արտահանումը կազմում է տարեկան 84,5 միլիոն դոլար, որոնցից 61 միլիոնը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր հանդիպել պահածոների գործարանների տնօրենների հետ և նրանց կոչ արել ավելացնել պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումը Ռուսաստան:

Դեռ այն ժամանակ մենք կասկած էինք հայտնել, որ այդ լավատեսությունն արդարացված չէ։ Այժմ արդեն փաստերը ցույց են տալիս, որ ոգևորությունը տեղին չէր։
Այսպես, ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արտաքին ցուցանիշերը։
Դրանցից երևում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները ոչ թե ավելացել են, այլ հակառակը` նվազել։ Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ էինք արտահանել 235.1 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին արտահանել ենք 219.8 միլիոն դոլարի (15.2 միլիոնով կամ 6.5%-ով պակաս)։

Ընդ որում, արտահանումը նվազել է հենց սննդամթերքի ապրանքախմբի գծով, որը դեպի Ռուսաստան արտահանման հիմնական մասն է։ Հայաստանից Ռուսաստան արտահանվում է շուրջ 60 անուն սննդամթերք։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 182.1 միլիոն դոլարի սննդամթերք և խմիչք։ Իսկ այս տարի արտահանման ծավալը նվազել է 16.3 միլիոն դոլարով կամ 9%-ով։

hh-rd-artahanum

Արտահանման ցուցանիշի վրա զգալիորեն ազդել են ոգելից խմիչքների (մասնավորապես` կոնյակի) արտահանման ծավալները։ Արտահանումն այս ապրանքախմբում նվազել է 8.7 միլիոն դոլարով (8.3%-ով)` հասնելով 94 միլիոն դոլարի։
Շեշտակի նվազել են նաև մրգեղենի արտահանման ծավալները` թե՛ բնեղեն արտահայտությամբ, թե՛ մաքսային արժեքով։ Օրինակ` ծիրանի, բալի, կեռասի և այլ մրգերի արտահանումը նվազել է 60%-ով` 16.4 միլիոն դոլարից հասնելով 6.7 միլիոն դոլարի։ Բնեղեն արտահայտությամբ նվազումն ավելի մեծ է` 75% (21.7 հազար տոննայից` 5.4 հազար տոննա)։

Տանձի, խնձորի արտահանման ծավալները նվազել են 72.6%-ով, խաղողինը` 11.1%-ով։ Ջեմերի, մարմելադների և տարբեր տեսակի խյուսերի արտահանումը` 23.3%-ով։ Ընդհանուր առմամբ, 60 անուն ապրանքներից 28-ի արտահանման գծով արձանագրվել է նվազում։

Սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին առևտուրն ավելի շատ տուժել է հենց այն ուղղությամբ, որի հետ այդքան հույսեր էին կապում մեր պաշտոնյաներն ու որոշ փորձագետներ։

Ընդ որում, պատճառն առավել քան պարզ է։ Ռուսաստանում խիստ նվազել է բնակչության գնողունակությունը։ Այսինքն` շուկան, ըստ էության, փոքրացել է։ Ու այդ պրոցեսը շարունակվում է, քանի որ ՌԴ տնտեսական խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելի են խորանում։ Օրինակ, ռուբլու անկումը չի դադարում, և դոլարի փոխարժեքը երեկ արդեն անցել էր 44 ռուբլու նշագիծը։

Ի դեպ, եթե արտաքին առևտրի հարցում զուգահեռներ անցկացնենք Ռուսաստանի և մյուս երկրների հետ, ապա ՌԴ-ի հետ առևտուր անելը Հայաստանի համար դառնում է ոչ շահավետ։

Այսպես, Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալն այս տարվա ընթացքում ավելացել է 1.4%-ով։ Դեպի Ռուսաստան արտահանումը, ինչպես արդեն նշեցինք, նվազել է 6.5%-ով։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանից ներմուծման ծավալներն ավելացել են 8.3%-ով կամ 70 միլիոն դոլարով` հասնելով 820.3 միլիոն դոլարի։ Իսկ Հայաստանի ընդհանուր ներմուծման ծավալներն աճել են 3.6%-ով։ Սա նշանակում է, որ ՌԴ-ի հետ արտաքին առևտուրը մեծացնում է մեր արտաքին առևտրի բացասական ճեղքվածքը։
Իհարկե, չենք սպասում, որ ժամանակին լավատեսական ենթադրություններ անող պետական այրերը կանդրադառնան այս խնդրին և կփորձեն հիմնավորել, թե ինչու իրենց կանխատեսումներն իրականություն չեն դառնում։ Փոխարենը` կարելի է հուսալ, որ առաջիկայում նրանց մոտեցումներն ավելի զուսպ կլինեն, և չեն փորձի պայծառ գույներով ներկայացնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս