Փոստանջյան. Նրանք, ովքեր կողմ կքվեարկեն ԵՏՄ-ին Հայաստանի բռնակցմանը, պետական դավաճաններ են
«Այն անձինք, ովքեր կողմ կքվեարկեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի բռնակցմանը, պետք է համարվեն պետական դավաճաններ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը` խոսելով առաջիկայում խորհրդարանում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի քննարկման վերաբերյալ:
Փոստանջյանը շեշտում է` Հայաստանը ոչ թե միանում է ԵՏՄ-ին, այլ նրան բռնակցում են, որովհետև միանալու որոշումը կայացվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում. «Սա ուղղակի դավաճանություն է, այլ կերպ սա չենք կարող գնահատել: Ասում էին` ժամանակակից աշխարհում այս կամ այն միավորմանը միանալով` մենք, միևնույն է, որոշ չափով կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, բայց այդպես չէ, պատկերացրեք` ուր են մեզ բռնակցում, ավտորիտար պետությունների մեջ քեզ էլ են բռնակցում` որպես պետականություն, անկում ապրող տնտեսություն, որը դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կարող է ունենալ»:
Զարուհի Փոստանջյանի խոսքով` վերջերս ԱԺ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին իր կողմից հրապարակված «դատավճիռը» հենց այս հարցին է վերաբերել. «Նույն Սերժ Սարգսյանի կողմից… դուք հիշում եք, որ ես հրապարակում էի դատավճիռ, հենց դրան էր նաև վերաբերում: Մարդը կատարել է ծանր հանցագործություն կամ պետական դավաճանություն: Դրանք հիմքեր են, որպեսզի այդ անձինք պաշտոնանկ արվեն»:
Այս համատեքստում նա նաև անդրադարձավ Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի «Ազգային հերոսի» Նիկոլայ Ռիժկովի` Երևանում արած հայտարարությանը, որով նա կասկածի տակ էր դրել Լեռնային Ղարաբաղի` հայկական տարածք լինելու փաստը: Փոստանջյանը սա որակեց «լտի հայտարարություն, որը տեղի է ունեցել բռնակցման համատեքստում»:
Պատգամավորը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հայտարարությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ նա հստակ դեմ չի արտահայտվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Փոստանջյանն ակնարկեց, որ Հակոբյանը մոլորության մեջ է, և մոլորությունն ընդհանրապես տեղ չպետք է ունենա Ազգային ժողովում: Նա նաև տեղեկացրեց, որ շուտով հրավիրելու է «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ` տվյալս հարցը քննարկելու համար:
Նշենք, որ պայմանագրի քննարկումն ամենայն հավանականությամբ տեղի է ունենալու նոյեմբերի 17-18-ին: