Էկվադորի նախագահին թույլատրել են վերընտրվել անսահմանափակ քանակությամբ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Էկվադորի Գերագույն դատարանը հավանության է արժանացրել ու Ազգային ժողովի դիտարկմանն է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը գործող նախագահ Ռաֆայել Կորեային հնարավորություն կտա վերընտրվել անսահմանափակ քանակությամբ:
Կորեայի իշխող կուսակցությունը` PAIS-ը վերահսկում է խորհրդարանի 137 տեղերից 100-ը, ինչը երաշխավորում է փոփոխությունների հաջողությունը, որոնք կվերացնեն բոլոր ընտրյալ պաշտոնատար անձանց համար ժամկետային սահմանափակումները: Ընդդիմությունը պահանջում էր, որ այդ հարցը դրվի հանրաքվեի:
Ռաֆայել Կորեան առաջին անգամ Էկվադորի նախագահ է ընտրվել 2006 թվականին, իսկ նրա ներկայիս ժամկետն ավարտվում է 2017 թվականին: Նա հայտարարել է, որ երրորդ անգամ կառաջադրի իր թեկնածությունը, եթե գտնի, որ «հեղափոխությունը» սպառնալիքի տակ է: