Բաժիններ՝

15 «ամենահաջողակ» և «անհաջողակ» խոշոր հարկատուները

ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան»:

Ընկերությունն այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե է վճարել 30 միլիարդ 188 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Երկրորդ տեղում «Ղ-Տելեկոմն» է («ՎիվաՍել» ապրանքանիշ)` 22.1 միլիարդ դրամով։ Եռյակը եզրափակում է «Ալեքս Գրիգը» (14.7): Առաջին տասնյակում են նաև «ԱրմենՏելը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, «Ֆլեշը», «Գրանդ Տոբակոն», CPS-ը և Երևանի կոնյակի գործարանը։

1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 504.2 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` խոշորագույն հարկատուները հարկերն ավելացրել են 24.4 միլիարդ դրամով կամ 5%-ով։

Կարծում ենք, հետաքրքիր կլինի իմանալ, որ 100 գերխոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում բյուջե են վճարել 312.3 միլիարդ դրամ։ Նախորդ տարի այս նույն 100-ը (ուշադրություն դարձրեք` ոչ թե նախորդ տարվա ցանկի առաջին 100-ը) վճարել էին 288.8 միլիարդ դրամ։

Այսինքն` ընդհանուր առմամբ, գերխոշոր հարկատուներն ավելացրել են հարկերը 23.5 միլիարդ դրամով կամ 8.1%-ով։ Սակայն` տարբեր չափերով։ Ոմանք հարկերն ավելի մեծ չափով են ավելացրել, ոմանք` ավելի քիչ, մյուսների դեպքում հարկերի ծավալը գրեթե անփոփոխ է մնացել կամ նվազել է։

Ըստ այդմ, այս անգամ փորձել ենք խոշոր հարկատուների ցանկը ներկայացնել` ըստ «հարկունակության»։ Այսինքն` որ ընկերություններն են տոկոսային առումով ամենաշատն ավելացրել հարկերը, որոնք` պակասեցրել։ Նշենք, որ վերլուծել ենք միայն առաջին` 100 գերխոշոր հարկատուների ցուցանիշերը։

Եվ այսպես, 100 գերխոշոր կազմակերպություններից 19-ն այս տարվա առաջին 9 ամիսներին նվազեցրել են բյուջե վճարված հարկերը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

hharker2

Ամենախոշոր նվազումը` 60.8%-ով կամ 1.8 միլիարդ դրամով, գրանցել է «Մասիս տոբակոն»։ Ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել 1.1 միլիարդ դրամ։

Երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հարկերը նվազեցրել է կիսով չափ։ Ընդ որում, ԶՊՄԿ-ն առաջինն է հարկերի նվազման բացարձակ ցուցանիշով. ընկերությունն ընթացիկ ժամանակահատվածում 13.5 միլիարդ դրամով քիչ է վճարել, քան նախորդ տարի։

ԶՊՄԿ-ին անմիջապես հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտի մեկ այլ ընկերություն` «Գեո Պրո Մայնինգ Գոլդը»։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին այս ընկերությունը պետբյուջեն համալրել էր 6.455 միլիարդ դրամով։ Այս տարի հարկերի ծավալը նվազել է 3.3 միլիարդով կամ 51.4 տոկոսով։

Հարկերը կիսով չափ կրճատել է նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Սամ-Սեր Գրուպը»։ Նախորդ տարվա 5.2 միլիարդի փոխարեն` ընկերությունն այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել է 2.6 միլիարդ դրամ։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը զբաղվում է Հայաստան գոմեշի մսի ներկրմամբ։
Հարկերի նվազման ցուցանիշով 5-րդ տեղում ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ավերսն» է։ Հարկերը նվազել են 1.5 միլիարդ դրամով կամ 48.6%-ով։

Հարկերը նվազեցրել են նաև «Զվարթնոց-Արմենիա» միջազգային օդանավակայանները, «Ղ-Տելեկոմը» (ՎիվաՍել), «Ջերմուկ Գրուպը», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, բանկերի զգալի մասը («Արարատբանկ», «Յունիբանկ», HSBC Հայաստան, ՎՏԲ Բանկ, «Արդշինինվեստբանկ»):

Ինչ վերաբերում է հարկերն ամենից շատ ավելացրած ընկերություններին, ապա անվիճելի «առաջատարը» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա Քլաբն» է։ Այս ընկերությունը հարկերի չափն ավելացրել է 42 անգամ` 84.2 միլիոն դրամից հասցնելով 3.5 միլիարդ դրամի։ Նշենք, որ այս ընկերությունն է շահագործում նորաբաց «Փարավոն» ժամանցային կենտրոնը։

hharker1

Երկրորդ տեղում «Սէլէնան» է, որը հարկերն ավելացրել է շուրջ 9 անգամ` 150 միլիոն դրամից հասցնելով 1.3 միլիարդ դրամի։

Եռյակը եզրափակում է Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը։ Ընկերությունն այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե է վճարել 3.2 միլիարդ դրամ` նախորդ տարվա 784 միլիոն դրամի դիմաց։ Հարկերն աճել են 4 անգամ։ Նկատենք, որ հարկերի շոշափելի աճ արձանագրել են նաև էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունները` «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունն» ու «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը»։

Չնայած հանքարդյունաբերության ոչ այնքան նախանձելի վիճակին` հարկերը 2.3 անգամ ավելացրել է նաև «Թեղուտը»` 1.1 միլիարդից հասցնելով 2.6 միլիարդի։
Ինչ վերաբերում է հարկերի աճի բացարձակ ցուցանիշին, ապա առաջատարը «Գազպրոմ-Արմենիան» է։ Ընկերությունը հարկերն ավելացրել է 4 միլիարդ 838 միլիոն դրամով և հասցրել 30 միլիարդ 188 միլիոնի։ «Գազպրոմ-Արմենիան» 2014 թվականի երրորդ եռամսյակի վերջի տվյալներով` Հայաստանի խոշորագույն հարկատուն է։

Այս առումով երկրորդ տեղում «Գրանդ Տոբակոն» է, որը հարկերն ավելացրել է 4.2 միլիարդ դրամով (2.4 անգամ)։ Իր վճարած 7 միլիարդ 259 միլիոն դրամի հարկերով «Գրանդ Տոբակոն» հանգրվանել է խոշոր հարկատուների ցանկի 8-րդ հորիզոնականում։
Մնացած մանրամասները կարող եք տեսնել աղյուսակներում, որոնք կազմել ենք Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկի հիման վրա։ Մենք առաջիկայում դեռ կանդրադառնանք այս ցանկին` այլ տեսանկյունից։

Սակայն վերջում, ինչպես միշտ, հիշեցնենք, որ խոշոր հարկատուների ցանկը խիստ հարաբերական է, քանի որ հարկերի մեծ մասն անուղղակի հարկերն են, որ վճարում են վերջնական սպառողները։ Այսինքն` ամենախոշոր հարկատուն շարքային հարկատուներն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս