Քեմերոնը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում օրինականացնել թմրանյութերը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ մերժել է երկրում թմրանյութերն օրինականացնելու մասին առաջարկը:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ բրիտանական ՆԳՆ-ի փորձագետները երեկ զեկույց են հրապարակել, որում կասկածի տակ են դրել հոգեմետ նյութերի առևտրի դեմ ներկայիս կոշտ պայքարի նպատակահարմարությունը:
Փորձագետները գտնում են, որ թմրանյութերի դեմ պայքարի վերաբերյալ օրենքների կոշտությունը չի հանգեցնում դրանց դեմ պայքարում հաջողությունների:
Ելնելով դրանից՝ նրանք առաջարկում են Մեծ Բրիտանիայում օրինականացնել թմրանյութերի թեթև և անգամ բոլոր տեսակները, ինչը կհանգեցնի ապօրինի թմրաբիզնեսի վերացմանն ու կօգնի բուժել թմրամոլներին:
Նրանք այդ հարցում մատնացույց են արել Նիդերլանդները, Պորտուգալիան, Շվեդիան, ուր օրինականացվել են դրանք: Քեմերոնը, սակայն, հայտարարել է, որ փաստերը ցույց են տալիս, որ իրենց կատարած աշխատանքն արդյունք է տալիս:
Նա ընդգծել է, որ երեք երեխայի հայր է, և չի ցանկանում տպավորություն ստեղծել, որ թմրանյութերի օգտագործումը նորմալ ու անվտանգ է, քանի որ անկեղծ ասած դա այդպես չէ: