Թեժ վիճաբանություն՝ անձնական վիրավորանքներով, ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև
Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Միքայել Մելքումյանը թեժ վիճաբանության անցան՝ ընդհուպ հասցնելով անձնական վիրավորանքներ:
Սոցապնախարարին ուղղված գյուղոլորտի աջակցության և գնաճի վերաբերյալ Մ.Մելքումյանի հարցերը բարկացրեցին նիստը վարող ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:
«Դուք օգտագործում եք գնաճի գաղափարը, բայց սոցապ նախարարը իրապես կապ չունի դրա հետ»,- հայտարարեց Հակոբյանն ու կոչ արեց յուրաքանչյուր նախարարի տալ իր ոլորտին վերաբերող հարցեր:
«Դուք մեթոդաբանական աջակցություն մի ցուցաբերեք նախարարին, կուրծք ծեծելով շատ ոգևորված՝ ըտենց բան մի արեք»,- հակադարձեց Մելքումյանը:
«Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը, ամոթ է»,- հորդորեց Հակոբյանը:
«Դուք էլ ձեր չեղած գիտելիքը ցույց մի տվեք»,- Հակոբյանին կրկնեց Մելքումյանը: