
Մարգվելաշվիլին վետո է դրել գաղտնալսումներին առնչվող օրինագծի ընդունման հետաձգման վրա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հայտարարել է, որ վետո է դրել հեռախոսազրույցների գաղտնալսումներին առնչվող օրինագծի ընդունման հետաձգման վրա:
Վրաստանի խորհրդարանը երեկ երեկոյան որոշել է այդ օրինագծի քննարկումները հետաձգել մինչև 2015 թվականի մարտի 1-ը: Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի նախագահն ունի ընդամենը մեկ օր, որպեսզի նա ստորագրի տվյալ օրինագիծը, և որ այն ուժի մեջ մտնի մինչև նոյեմբերի 1-ը:
Մարգվելաշվիլին խորհրդարանին կոչ է արել հնարավորինս շուտ ընդունել տվյալ օրենքը: Օրենսդրության համաձայն՝ նախագահական վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է Վրաստանի խորհրդարանի 3/5-ը: