
ԱՄՀ-ը կարող է Ուկրաինային 2.7 միլիարդ դոլարի տրանշ հատկացնելու մասին որոշումն ընդունել 2015 թվականի սկզբին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի առանցքային վարկատու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարող է Ուկրաինային երրորդ ու չորրորդ տրանշները միացյալ կերպ տրամադրելու մասին որոշում կայացնի 2015 թվականի սկզբին: Խոսքը գնում է 2.7 միլիարդ դոլարի մասին:
Այս մասին Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Ջերի Ռայսը: Նա հիշեցրել է, որ ԱՄՀ-ի առաքելությունն Ուկրաինա է ժամանելու նոյեմբերին, երբ կձևավորվի նոր կառավարություն:
Առաքելությունը քննարկելու է Ուկրաինայի էկոնոմիկայի ընթացիկ վիճակը, գնահատելու է մակրոիրավիճակը և զեկույց է ներկայացնելու ԱՄՀ Տնօրենների խորհրդի նիստին:
Ռայսը մանրամասնել է, որ, ամենայն հավանականությամբ, առաքելության աշխատանքներն ԱՄՀ Տնօրենների խորհրդին կներկայացվի ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, ինչից հետո էլ որոշում կընդունվի տրանշի հատկացման մասին:
ԱՄՀ-ն այս տարվա ապրիլին հավանության էր արժանացրել Ուկրաինային 17 միլիարդ դոլարի վարկ հատկացնելը: