
Իսպանուհին ԱՄՆ Կոնգրեսին համոզել է կատարել իր 231-ամյա վաղեմության խոստումը

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Իսպանիայի 45-ամյա բնակիչ Թերեզա Վալկարսեն, ով Վաշինգտոնում աշխատում է արհմիութենական կազմակերպությունում, ԱՄՆ Կոնգրեսին համոզել է կատարել 1783 թվականին տված խոստումը:
231 տարի առաջ Կոնգրեսը որոշել է իր շենքում տեղակայել ԱՄՆ-ի անկախության համար պատերազմի իսպանացի հերոս Բեռնարդո դե Գալվեսի դիմանկարը: Թերեզան արդարության համար իր պայքարը սկսել է այն բանից հետո, ինչ իր մորից նամակով ստացել է թերթային հոդված, որում հիշատակվում է ամերիկյան իշխանությունների համապատասխան խոստման մասին:
Նրա պայքարը տևել է մի քանի տարի, և ահա այժմ նա հասնում է հաջողության: Կոնգրեսի աշխատակիցները նրան անգամ տվել են «Դիմանկարային լեդի» մականունը՝ նրան հիշելով հեռախոսազանգերից:
Վերջիվերջո Կոնգրեսի շենքի վարչակազմը որոշել է Բեռնարդո դե Գալվեսի դիմանկարը կախել հանձնաժողովի նիստերի համար նախատեսված սրահներից մեկում: Դրա հանդիսավոր արարողությունը պլանավորված է նոյեմբերին: Թերեզա Վալկարսեն ցանկանում է այդ արարողության համար հրավիրել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը: