«Չի կարելի մարդուն տուգանել 35 հազար դրամի չափով, երբ այդ մարդու աշխատավարձը 60 հազար դրամ է». Արմեն Պողոսյան

«Վերջին 3 տարում մեզ մոտ գներն աճել են 18,8 տոկոսով, սակայն այդ ահռելի թռիչքը ժամանակի հետ այդչափ չի զգացվում: Մեր երկրում ընտանեկան բյուջեի կառուցվածքը հետևյալն է` 60 տոկոսը գնում է սննդին, 30 տոկոսը՝ տարբեր ծառայությունների և վերջին 10 տոկոսը միայն մնում է հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ գնելու համար: Բայց Արևմտյան բարեկեցիկ աշխարհում ընդունված չափանիշ է, որ եթե ընտանիքի բյուջեի 25 տոկոսից ավելին սննդի է գնում, համարվում է աղքատության շեմ, և այդ ընտանիքներին օգնելու համար տարբեր սոցիալական ծրագրեր են սկսում կիրառել: Եթե մեզ մոտ այդ տոկոսային հարաբերությունը 60 է, ուրեմն՝ պատկերացրեք, թե ինչ վիճակում է մեր սպառողը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Անդրադառնալով վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքների չափին` Ա. Պողոսյանն ասաց, որ չի կարելի մարդուն տուգանել 35 հազար դրամի չափով, երբ այդ մարդու աշխատավարձը 60 հազար դրամ է: Այդտեղ համաչափություն պետք է լինի. իր միջին աշխատավարձի կամ նվազագույնի 10 տոկոսից ոչ ավելին:

Չնայած սրան` Ա. Պողոսյանը կարմիր գծերի կիրառումը տեղին է համարում, բայց այստեղ ևս մենք չենք գործում առանց խախտումների ու թերացումների. «Կարմիր գծերի մասին որոշումը միանշանակ ճիշտ որոշում է. ոչ մի քաղաք չի կարող իր տարածքն անվերահսկելի թողնել, այդտեղից եկամուտներ չունենալ, որպեսզի նույն քաղաքի զարգացման համար ծախսվի: Բայց ճիշտ որոշումն աղավաղել են այն աստիճանի, որ այն հակառակ նպատակին է ծառայում. այդ գումարներ փոխանակ գնան պետական և համայնքային բյուջե, գնում են մասնավորի գրպանը»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս