Ինչպես են ծախսվում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհները
ԵՄ պաշտոնյաները մտահոգություն ունեն Հայաստանին հատկացվող դրամաշնորհների ծախսման արդյունավետության հետ կապված և խիստ վերահսկողության պահանջ են դնում: Այս մասին այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ հատկապես տարբեր դասընթացների ու թրեյնինգների համար գումարները մսխվում են:
«Ի՞նչ մեխանիզմներով են վերահսկվում: Ես չեմ ցանկանում անունը գանձագողություն դնել, բայց դա այդ գումարների որոշակի մասի փոշիացումն է: Վերահսկողության մասով ի՞նչ է արվում: ԵՄ դեսպանն էլ ունի մտահոգություն,- ասաց Ն.Զոհրաբյանն ու շարունակեց,- Ի՞նչ անել, որ, օրինակ, մի նախարար իր հորողբոր որդու անունով չգրանցի ինչ-որ կազմակերպություն ու այդ գումարով քաղաքում կառուցվի եռահարկ տուն այդ նախարարի մերձավորի համար»:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ կասկածի տակ ոչ մեկը չի կարող դնել կրթական ծրագրերի, փորձի փոխանակման անհրաժեշտությունը. «Չպետք է ցեխաջրի հետ երեխային էլ դուրս նետել»:
Պ.Սաֆարյանի խոսքով՝ ԵՄ հետ կապված գումարները վերահսկում են ՎՊ-ն, ֆիննախարարության վերահսկողական ծառայությունը. «Մեզ մոտ ինչն է շատ՝ այդ վերահսկողությունը: Եվ վերահսկողության ամենալավ ճանապարհներից մեկը ծրագրային բյուջետավորումն է»: