
ԱՄՆ ՄԶԳ. մինչև 2016 թվականն Արցախի տարածքն ամբողջովին մաքրված կլինի ականներից (տեսանյութ)

ԱՄՆ Միջազգային զարգացման գոծակալության ֆինանսավորմամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը շարունակվում է:
Գործակալության հայաստանյան տնօրեն Քարեն Հիլիարդը «Ղարաբաղ. Խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում հայտնում է, որ իրենց աջակցությամբ 2000 թվականից ի վեր 251 դաշտերում ականազերծման աշխատանքներ են իրականացվել, որոնց շնորհիվ 27000հա տարածքում հնարավոր է դարձել գյուղատնտեսական աշխատանքներ ծավալել:
«Հրադադարին հաջորդած առաջին տարիներին ականների պայթյունների պատճառով տարեկան զոհվում էին 35-40 հոգի, 95 թվականից մահվան ելքով 345 դեպք է գրանցվել, որոնց 1/3-ը երեխաներ են: Այժմ տարեկան կտրվածքով ընդամենը 5 դեպք է գրանցվում, ինչը մեզ համար նույնպես մեծ թիվ է: Այս ծրագրի շահառու է հանդիսանում 125000 մարդ: Այս պահի դրությամբ, ըստ գնահատումների, չմաքրված է մնում ընդհանուր ականապատված տարածքների միայն 5%-ը: Սրանք լեռնային կամ անտառապատ տարածքներն են, որոնց մաքրումը մեծ ջանքեր է պահանջում, սակայն, կարծում եմ, որ մեր գործընկեր Halo Trust-ին տրամադրած 5 միլիոն դոլարի դրամաշնորհի շրջանակներում 2016 թվականի դրությամբ ողջ տարածքը ամբողջովին զերծ կլինի ականներից»,- հայտարարել է Հիլիարդը: